Հայաստանում որոշակի առաջընթաց է նկատվել հանրահավաքների ազատությունն ապահովելու հարցում. հանվել է Երեւանի Ազատության հրապարակում հանրային միջոցառումներ անցկացնելու արգելքը: Այդ մասին ասվում է Amnesty International-ի` 2011 թվականին աշխարհում մարդու իրավունքների պահպանության զեկույցում:

Բացի այդ  «Հավաքների ազատության մասին» օրենքն ընդունվեց ավելի կատարելագործված խմբագրությամբ: Սակայն, ինչպես նշվում է փաստաղթղթում, իրավակիրառական պրակտիկան, որը կապված է խաղաղ հավաքներ կազմակերպելու իրավունքի հետ, մնում է անհանգստության առարկա: Պահպանվում է անհանգստությունը Հայաստանում խոշտանգումների եւ դաժան վերաբերմունքի այլ տեսակների կիրառման հետ կապված:

Հարեւան Ադրբեջանում, իրավապաշտպանների գնահատմամբ, 2011-ին հակակառավարական հանրահավաքները, փաստացի հայտարարվել են օրենքից դուրս, իսկ ընդդիմադիրների կողմից բողոքի ակցիաներ անցկացնելու փորձերը բռնությունների եւ սպառնալիքների նոր ալիք են առաջացրել երկրում:

«Կոռուպցիայի դեմ եւ հանուն քաղաքացիական իրավունքների եւ քաղաքական ազատությունների հանրահավաքները, որոնք նախատեսվել էին մարտին եւ ապրիլին, իշխանություններն անհիմն արգելել են, ապա ցրել դրանք ուժի կիրառմամբ, թեեւ դրանք խաղաղ բնույթ էին կրում: Քննադատաբար տրամադրված հասարակական կազմակերպությունները եւ լրագրողները լուրջ բարդությունների են հանդիպել: 5 իրավապաշտպան կազմակերպություններ փակվել են, իսկ մի քանի լրագրողների հայտնել են, որ բողոքի ակցիաներից հետո իրենց սկսել են սպառնալ եւ ճնշել»,-ասված է փաստաթղթում:

Վրաստանում իրավապաշտպաններն ուշադրություն են դարձրել 2011-ին հանրահավաքները ցրելիս ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառման փաստին: Ըստ այդմ, Վրաստանի իշխանությունները միջոցներ չեն ձեռնարկել սեփականության իրավունքի վերականգնման ուղղությամբ, որի արդյունքում խախտվել են 1990-ականներին Վրաստանը լքած էթնիկ աբխազների ու օսերի վերադառնալու իրավունքը:

Բացի այդ, ՄԱԿ-ի կամայական ձերբակալությունների հարցով աշխատանքային խումբը 2011-ի հունիսին Վրաստանում բարձրացրել է մի շարք հարցեր` կապված այդ երկրում դատական համակարգի գործունեության, այդ թվում դատախազությունների աշխատանքի, հաճախակի կալանավորման դիմելու փաստերի հետ:

Amnesty International-ի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի ծրագրերի տնօրեն Ջոն Դալհիզենը հայտարարել է, որ նախկին ԽՍՀՄ բոլոր երկրներում էլ մարդու իրավունքները ոտնահարվում են:
«Եթե դիտարկենք այդ երկրները, կտեսնենք ցավալի պատկեր կապված խոսքի ազատությունը չհարգելու, այլ կարծիք հայտնողների ձայնը ճնշելու եւ իշխանությունների իրական ներկայացուցչականության բացակայության հետ»,- ասել է նա: