Մինչև 2030 թվականը զինված ուժերում կարող են հայտնվել արհեստական բանականությամբ գործող «սպաներ», որոնք ունակ կլինեն տեղեկություններ հավաքագրել և որոշումներ կայացնել գրեթե առանց մարդու միջամտության։ Նման կանխատեսում է արել ԿՀՎ նախկին տնօրեն, պահեստազորի գեներալ Դևիդ Պետրեուսը՝ ռազմական ոլորտում ԱԲ-ի կիրառման շուրջ ծավալվող քննարկումների ֆոնին, հայտնում է Independent-ը։

Պետրեուսի գնահատմամբ՝ առաջիկա չորս տարիներին բանակները կսկսեն ներդնել ինքնավար համակարգեր, որոնք ոչ միայն առանձին առաջադրանքներ կկատարեն, այլև կհամակարգեն այլ ինքնավար համակարգերի աշխատանքը։

«Ընդամենը չորս տարի անց մենք կունենանք ինքնավար համակարգեր, և, կարծում եմ, ի հայտ կգան առաջին ցանցերը, որոնք բաղկացած կլինեն այլ ինքնավար համակարգերից։ Մենք կունենանք ԱԲ գործակալներ՝ արհեստական բանականությամբ աշխատող յուրօրինակ շտաբային սպաներ», — Forecast2050 փոդքասթի համար ներդրող Ֆին Մերֆիի հետ զրույցում նշել է նա։

Պետրեուսի խոսքով՝ նման համակարգերը կկարողանան հավաքագրել ու վերլուծել տվյալները, ինչպես նաև մարդու նվազագույն մասնակցությամբ ներգրավվել օպերատիվ որոշումների կայացման գործընթացին։