Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, թե Ռուսաստանը «աղետալի պարտություն» է կրել 2008 թվականի օգոստոսյան պատերազմում։ Ինչպես փոխանցում է Գրուզիա Օնլայնը, նա համապատասխան գրառում է կատարել սոցիալական ցանցերի իր էջում։
«Ճշմարտությունն այն է, որ Ռուսաստանը 2008-ին աղետալի պարտություն է կրել», — գրել է Սաակաշվիլին։
Նրա խոսքով՝ չնայած ուժերի ակնհայտ թվային գերակշռությանը, Ռուսաստանին այդպես էլ չհաջողվեց տապալել վրացական պետականությունը, խաթարել երկրի անկախությունն ու ազատությունը, ինչպես նաև փոխել Վրաստանի քաղաքական ուղեգիծն ու հասնել իր առջև դրված նպատակներին։
Նրա խոսքով՝ 2008 թվականի իրադարձությունները ցույց տվեցին, որ Վրաստանին հնարավոր չէ կոտրել, իսկ իր ժողովրդին նա համարեց «հաղթանակի համար ծնված»։



























