Սուդանում անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով առնվազն 40 մարդ է զոհվել․ նրանց թվում եղել են նաև երեխաներ։ Հարձակումը տեղի է ունեցել ուրբաթ օրը Եթովպիայի հետ սահմանի մոտակայքում գտնվող Կապույտ Նեղոս նահանգի Աբու Շանդի շրջանում։ Այս մասին հայտնում է երկրում զինված հակամարտության ընթացքին հետևող Emergency Lawyers կազմակերպությունը՝ հղում անելով Associated Press-ին։
Իրավապաշտպանների տվյալներով՝ հարվածի պատասխանատուն «Արագ արձագանքման ուժերն» են՝ ռազմականացված խմբավորում, որը 2023 թվականից ի վեր մարտական գործողություններ է վարում Սուդանի բանակի դեմ։
ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման վարչությունը հայտարարել է, որ ցնցված է տեղի ունեցածով։
ACLED մոնիթորինգային կազմակերպության տվյալներով՝ Սուդանում զինված հակամարտությունը խլել է առնվազն 150 հազար մարդու կյանք։ Միևնույն ժամանակ, մարդասիրական կազմակերպությունները կարծում են, որ զոհերի իրական թիվը, թերևս, զգալիորեն ավելի բարձր է։





























