Հռոմի պապ Լևոն XIV-ը շաբաթ օրը՝ հոկտեմբերի 10-ին, հանդես է եկել մահապատժի դեմ՝ այն անվանելով «անընդունելի», հաղորդել է Associated Press-ը։
Հովվապետի հայտարարությունը հնչել է Մահապատժի դեմ միջազգային օրը՝ այն բանից մի քանի օր անց, երբ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր 2009 թվականին Ֆորտ Հուդ ռազմաբազայում զանգվածային սպանության համար դատապարտված Նիդալ Հասանի՝ գնդակահարության միջոցով իրականացվելիք մահապատիժն ուղիղ եթերով հեռարձակելու ծրագրերի մասին։
X սոցիալական ցանցում արված հրապարակման մեջ Լևոն XIV-ը մեջբերել է մահապատժի վերաբերյալ նորացված կաթոլիկ ուսմունքը, որը հաստատվել էր նրա նախորդի՝ Ֆրանցիսկոսի օրոք։ Եկեղեցու դիրքորոշման համաձայն՝ մահապատիժը ոտնձգություն է մարդու անքակտելի արժանապատվության նկատմամբ։
«Համընդհանուր բարիքը կարելի է պաշտպանել, իսկ արդարության պահանջները՝ կատարել առանց մահապատժի կիրառման»,— նշվել է հովվապետի հաղորդագրության մեջ։ Այնտեղ նաև նշվել է, որ ժամանակակից բանտային համակարգերը թույլ են տալիս պաշտպանել հասարակությանը՝ չզրկելով մեղավորներին քավության հնարավորությունից։
Պապն ուղղակիորեն չի հիշատակել Հասանի ծրագրված մահապատիժը։ Սակայն նրա հայտարարությունը հայտնվել է այն բանից մի քանի ժամ անց, երբ Վատիկանի պետքարտուղար, կարդինալ Պիետրո Պարոլինը բացահայտորեն քննադատել էր ամերիկյան իշխանությունների ծրագրերը։
Պարոլինը մահապատժի հեռարձակումն անվանել է «անընդունելի» և հայտարարել, որ մահը որպես ցուցադրանք ներկայացնելը անթույլատրելի է նույնիսկ ծանր հանցագործություններ կատարած մարդու պարագայում։ Նրա խոսքով՝ կաթոլիկ եկեղեցին լիովին դեմ է մահապատժին, քանի որ այն անհամատեղելի է մարդկային արժանապատվության հետ և չի ծառայում որպես զսպող գործոն։
Հասանը մեղավոր է ճանաչվել 2009 թվականին Տեխասի Ֆորտ Հուդ ռազմաբազայում տեղի ունեցած հրաձգության հետևանքով 13 մարդու սպանության և ևս 32-ին վիրավորելու մեջ։ Հայտարարված ծրագրերի համաձայն՝ նրա մահապատիժը պետք է տեղի ունենա դեկտեմբերի 3-ին։
2018 թվականին Հռոմի պապ Ֆրանցիսկոսը փոխել է Կաթոլիկ եկեղեցու Կատեխիզիսի ձևակերպումը՝ ամրագրելով այն դրույթը, ըստ որի՝ մահապատիժն անթույլատրելի է ցանկացած հանգամանքներում։ Ավելի վաղ եկեղեցական ուսմունքը թույլ էր տալիս դրա կիրառումը բացառիկ դեպքերում, երբ այն համարվում էր մարդկային կյանքը պաշտպանելու միակ միջոցը։
Պենտագոնի ծրագրերի դեմ հանդես է եկել նաև ԱՄՆ Կաթոլիկ եպիսկոպոսների համաժողովի ղեկավար, արքեպիսկոպոս Փոլ Քոուքլին։ Նա խոր ցնցում և վիշտ է հայտնել՝ իշխանությունների որոշումն անվանելով մահվան մշակույթի քարոզչություն, և կոչ է արել վերանայել այն։
Քոուքլին ընդգծել է, որ Հասանի հանցագործությունները չեն կարող արդարացվել, սակայն ծանր վնաս հասցրած մարդու հրապարակային մահապատիժը միայն կխաթարի ամերիկյան հասարակության բարոյական հիմքերը։




























