ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դժգոհ է Վլադիմիր Զելենսկու գործողություններից և կարծում է, որ ուկրաինական հարվածները ռուսաստանյան նավթավերամշակման գործարաններին ավելի շատ վնասում են Կիևի հարաբերություններին Վաշինգտոնի հետ, քան վնաս են հասցնում Ռուսաստանին, գրում է Axios-ը։

Ըստ Սպիտակ տան ներկայացուցչի, Թրամփը կարծում է, որ Զելենսկին ամերիկյան աջակցությունն ընդունում է որպես ինքնըստինքյան մի բան։

«Թրամփն իսկապես զայրացած է։ Նա կարծում է, որ Զելենսկին ԱՄՆ-ին վերաբերվում է որպես տրված իրողության», — ասել է ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչը Axios-ին։

Այս ֆոնին Թրամփը փորձում է հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների նկատմամբ հարվածների դադարեցմանը։ Կիրակի ամերիկացի նախագահը Truth Social իր սոցցանցում հայտարարել է, թե կողմերի միջև իբր անմիջապես ուժի մեջ է մտել էներգետիկ հրադադարը։

«Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմում անմիջապես ուժի մեջ է մտնում ԷՆԵՐԳԵՏԻԿ ՀՐԱԴԱԴԱՐԸ։ Երկու կողմերն էլ համաձայնվել են։ Մի՛ խախտեք այն», — գրել է Թրամփը։

Սակայն ԱՄՆ նախագահի հայտարարությունը զգալիորեն պակաս հստակ էր, քան կարող էր սկզբում թվալ։ Սպիտակ տան ներկայացուցիչը նշել է, որ խոսքը հնարավոր պայմանավորվածության մասին է, որի շրջանակում երկու կողմերը կդադարեցնեն հարձակումները նավթավերամշակման գործարանների վրա։ Եթե նման մեխանիզմը գործի, հաջորդ քայլը կարող է դառնալ էլեկտրակայանների և էներգացանցերի վրա հարվածների դադարեցումը։

Միևնույն ժամանակ Ռուսաստանը դեռ չի համաձայնել հրադադարին։ Վլադիմիր Զելենսկին նույնպես հասկացրել է, որ տեղյակ չէր Թրամփի հայտարարած պայմանավորվածությունից։ Ըստ նրա, ԱՄՆ նախագահի հայտարարությունն իր համար նորություն էր։

Առաջարկվող «նավթավերամշակման գործարան՝ նավթավերամշակման գործարանի դիմաց» սխեման, ինչպես այն անվանել է Սպիտակ տան ներկայացուցիչը, հարցեր է առաջացնում ուկրաինական կողմի մոտ։ Ուկրաինացի պաշտոնյաներից մեկը Axios-ին հայտնել է, որ երկրում մնացել է միայն մեկ նավթավերամշակման գործարան, որը բազմիցս ենթարկվել է ռուսաստանյան հարձակումների և ամբողջ ծավալով չի գործում։ Իսկ Ռուսաստանն ունի ՆՎԳ-ների լայն ցանց։

«Մենք ներմուծում ենք դիզելային վառելիք և գազ։ Մեզ պետք է, որ ռուսները դադարեցնեն հարձակվել մեր էլեկտրացանցի վրա», — ասել է ուկրաինացի պաշտոնյան։

Թրամփի հայտարարությունից կարճ ժամանակ անց ռուսաստանյան զորքերը հարվածներ են հասցրել ուկրաինական էլեկտրակայաններին, հայտնել են ուկրաինական ԶԼՄ-ները։

Վաշինգտոնը մտահոգված է նաև ամերիկացի սպառողների համար ռուսաստանյան ՆՎԳ-ների դեմ ուկրաինական հարձակումների հետևանքներով։ Թրամփը կարծում է, որ այդ հարվածները նպաստում են ԱՄՆ-ում բենզինի գների աճին։ Ուրբաթ Ռուսաստանին դիզելային վառելիքի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման վերաբերյալ պայմանավորվածությունից հետո ամերիկացի նախագահը շարունակել է ձգտել Կիևի կողմից ռուսաստանյան նավթավերամշակման ձեռնարկությունների վրա հարձակումների դադարեցմանը։

Տարաձայնությունների ֆոնին Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների ծրագրված այցը Մոսկվա հետաձգվել է։ Axios-ի տվյալներով, ամերիկացի ներկայացուցիչները նախ ցանկանում են պարզել՝ արդյոք Ուկրաինան և եվրոպական երկրները պատրաստ են աջակցել Ռուսաստանի համար նոր համաձայնեցված պլանին։

Ավելի վաղ ուկրաինացի պաշտոնյան հայտարարել էր, որ Մայամիում ամերիկացի ներկայացուցիչների հետ բանակցությունների ընթացքում Ուիթքոֆն ու Քուշները սպառնացել են հետախուզական տվյալների փոխանակման հնարավոր դադարեցմամբ, եթե Կիևը շարունակի անտեսել Թրամփի խնդրանքները։ ԱՄՆ ներկայացուցիչը մերժել է այս մեկնաբանությունը՝ հայտարարելով, որ ամերիկյան կողմը միայն հիշեցրել է Ուկրաինային տրամադրվող աջակցությունը՝ ներառյալ սպառազինությունն ու հետախուզական տվյալները, և կոչ արել չձեռնարկել այնպիսի գործողություններ, որոնք վնասում են ամերիկացի սպառողներին։

Կիրակի Financial Times-ը հայտնել է, որ ԱՄՆ-ն եվրոպական երկրներին նույնպես նախազգուշացրել է Ուկրաինային ՆԱՏՕ-ի միջոցով զենքի վաճառքը դադարեցնելու հնարավորության մասին, եթե ռուսաստանյան ՆՎԳ-ների դեմ ուկրաինական հարվածները շարունակվեն։