Թվային գովազդի ոլորտում գործող իսրայելական Discover-Tech ընկերությունը հետևել է ինտերնետ օգտատերերին գովազդային հայտարարությունների ցանցի միջոցով, որոնք օգտագործվել են թիրախներին հետևելու և նրանց սարքերը կոտրելու համար, հաղորդել է Reuters-ը։

Կանադական Citizen Lab հետազոտական կազմակերպության և թվային գովազդի անվտանգության ապահովմամբ զբաղվող ամերիկյան Confiant ընկերության զեկույցների համաձայն՝ Discover-Tech-ի ծառայությունները ԱՄՆ կառավարության կողմից սև ցուցակում ընդգրկված իսրայելական Candiru լրտեսական ծրագրային ապահովում մշակող ընկերությանը, ինչպես նաև իսրայելական այլ հսկող կառույցների, հասանելիություն են տրամադրել այնպիսի ընկերությունների գովազդային հարթակներին, ինչպիսին են Google-ը, Comcast-ը և ռուսական «Յանդեքս»-ը։

Citizen Lab-ի տվյալներով՝ Discover-Tech-ի գովազդային հայտարարությունները, որոնք հաճախ առաջ էին մղում սովորական ապրանքներ, օրինակ՝ հեռախոսներ և ականջակալներ, տարբեր գործընկերային համաձայնագրերի շնորհիվ տեղադրվել էին ավելի քան 120 հազար կայքերում և 75 հազար հավելվածներում։

Հետազոտողները պնդում են, որ Discover-Tech-ը կարող էր նույնականացնել և հետևել այն մարդկանց, ովքեր այցելել էին վնասաբեր գովազդ պարունակող կայքեր կամ օգտագործել հավելվածներ։ Որոշ դեպքերում ընկերությունը փորձել է ստանալ սմարթֆոն օգտագործողների հեռախոսահամարները։ Հսկողությունը սկսելու համար բավական էր, որ գովազդային հայտարարությունը բեռնվեր կայքում։

Հետազոտական խմբերի տեղեկացմամբ՝ որոշ հայտարարություններ օգտագործվել են օգտատերերի սարքերում Candiru-ի լրտեսական ծրագրային ապահովումը տեղադրելու համար։ Միևնույն ժամանակ, Confiant-ում նշել են, որ Candiru-ի հետ կապվող գովազդը Discover-Tech-ի հայտարարությունների ընդհանուր ծավալի միայն փոքր մասն է կազմել։

Confiant-ի համահիմնադիր Ժերոմ Դանգուի խոսքով՝ Discover-Tech-ը ամբողջ աշխարհում օրական տարածում էր առնվազն 10 մլն գովազդային հայտարարություն։ Cookie matching անունով հայտնի տվյալների փոխանակման մեխանիզմների շնորհիվ ընկերությունը կարող էր հետևել օգտատերերին նաև իր գովազդում անմիջապես ընդգրկված լսարանից դուրս։

«Միանգամայն հավանական է, որ Discover-Tech-ը ազդել է հարյուր միլիոնավոր մարդկանց վրա», — հայտարարել է Դանգուն։

Citizen Lab-ը հայտնել է, որ Discover-Tech-ի գովազդի միջոցով տարածվող Candiru-ի հզոր տեսակի լրտեսական ծրագրային ապահովումը 2024–2025 թվականներին օգտագործվել է Al Jazeera հեռուստաալիքի կատարյան ստորաբաժանման Windows համակարգով աշխատող 45 սարք կոտրելու համար։ Հետազոտողները կարողացել են դա հաստատել այն բանից հետո, երբ մեդիա ընկերությունը նրանց տրամադրել է ցանցային ակտիվության մատյանները։

Al Jazeera-ի հայտարարության մեջ նշվել է, որ հեռուստաալիքը «դատապարտում է իր մի շարք աշխատակիցների դեմ ուղղված լրտեսական հարձակումները» և քայլեր է ձեռնարկում աշխատակիցներին ու սեփական համակարգերը պաշտպանելու համար։ «Սրա համար պատասխանատուները պետք է պատժվեն», — ընդգծել են ընկերությունում։

Դանգուն հայտնել է, որ վնասաբեր գովազդը ցուցադրվել է օգտատերերին «զգայուն կատեգորիաների պատկանող հարյուրավոր ցանցերում», ներառյալ Պենտագոնի, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության և Միջազգային քրեական դատարանի ցանցերը։ Նրա խոսքով՝ որոշ տարածաշրջաններում, այդ թվում՝ պաղեստինյան տարածքներում, իսրայելական ընկերության գովազդը հանդիպում էր հատկապես հաճախ։

«Մտնում ես գրեթե ցանկացած կայք Պաղեստինում՝ ցանկացած կայք, — և տեսնում ես Discover-Tech-ի գովազդը։ Դա ընկերությանը տալիս է մի ամբողջ երկրի թվային ակտիվության չափազանց լիարժեք պատկերացում», — հայտնել է նա։

Citizen Lab-ը հայտնել է, որ ունի ապացույցներ այն մասին, որ վնասաբեր գովազդը ցուցադրվել է օգտատերերի՝ Միավորված Ազգերի Կազմակերպությունում, ՆԱՏՕ-ում, Եվրոպական հանձնաժողովում և ավելի քան մեկ տասնյակ ազգային կառավարություններում։

Այդպիսի գովազդը հայտնվել է նաև տեխնոլոգիական ընկերությունների ցանցերում, ներառյալ Nvidia-ն և SanDisk-ը, ինչպես նաև Մեքսիկայի, Իսրայելի և Եվրոպայի կազմակերպությունների մեդիա համակարգերում։

Այժմ Discover-Tech-ը կզրկվի ինտերնետային գովազդի շուկայի մի մասի հասանելիությունից։

Google-ում հայտնել են, որ ընկերությունը հետաքննության ընթացքում համագործակցել է Citizen Lab-ի և Confiant-ի հետ և անջատել է Discover-Tech-ին իր գովազդային հարթակներից «մեր կանոնների համակարգված խախտման համար»։

Թվային մարքեթինգի և գովազդի շուկայի մասնակիցներին միավորող IAB Europe եվրոպական ասոցիացիան հայտնել է, որ անցյալ շաբաթ Discover-Tech-ը հեռացվել է միջազգային մակարդակով հավանության արժանացած կազմակերպությունների ցանկից այն աուդիտից հետո, որը բացահայտել էր կանոնների խախտումներ։