Թերթը խմբագրականում գրում է, որ կոալիցիային մաս չկազմելու վերաբերյալ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծաոուկյանի հայտարարությունից հետո հայաստանյան քաղաքական բառապաշար վերադարձավ «կառուցողական ընդդիմություն» արտահայտությունը:
«Կառուցողական ընդդիմություն» արտահայտությունն, ի դեպ, ժամանակին եւս շատ մոդայիկ էր մեր քաղաքական դաշտում: Դրանք այն ժամանակներն էին,երբ Հայաստանում իսկապես արմատական ընդդիմություն կար, եւ վերջինիս «հակապետական» էությունը բացահայտելու համար իշխանությունները շարունակ խոսում էին կառուցողական ընդդիմության ձեւավորման մասին: Այնքան խոսեցին` մինչեւ ինքնաձեւավորվեց: Հետաքրքիր է. որ ԲՀԿ-ից առաջ իրեն «կառուցողական ընդդիմություն» էր հռչակել նաեւ Տիգրան Կարապետյանը: Խնդիրը տվյալ դեպքում «կառուցողական ընդդիմություն» հասկացության քաղաքական հիմքերն են, որոնք Հայաստանում, ըստ էության, բացակայում են: Մայիսի 6-ից հետո գրեթե բոլոր քաղաքական ուժերը հայտարարեցին,որ ընտրություններն անցել են «խայտառակ ընտրակեղծիքներով»: Իսկ միասնական շտաբը, որի ակտիվ անդամներից մեկն էլ ԲՀԿ-ն էր, հայտարարեց, որ ընտրությունները չեն արտահայտում ժողովրդի իրական կամքը, ինչը, ըստ էության, խորհրդարանի ոչ լեգիտիմ լինելու գնահատականն էր: Իսկ ոչ լեգիտիմ իշխանությանը կառուցողական ընդդիմություն լինելը կարող է նաեւ նպաստել դրա լեգիտիմացմանը»,- գրել է թերթը:
«168 ժամի» փոխանցմամբ` Գ. Ծառուկյանի հայտարարությունից հետո հնչում են գնահատականներ, որ այդպիսով ԲՀԿ-ն ապացուցեց իր սկզբունքայնությունը, պահպանեց սեփական դիմագիծը, բայց դրանք արդարացի կլինեին, եթե այդ հայտարարությունը հնչեր, ասենք, մայիսի 7-ին կամ 8-ին: «Սակայն, երբ ԲՀԿ-ն այդ մասին հայտարարում է ամբողջ 18 օր ՀՀԿ-ի հետ բանակցելուց հետո, ակնհայտ է, որ իրականում խնդիրը բոլորովին այլ հարթությունում է. բանակցություններում ԲՀԿ-ն չի ստացել այն, ինչի համար կարող էր «նպատակահարմար համարել» մասնակցությունը կոալիցիային: Իրականում, ՀՀԿ-ի հետ իշխանության կառուցվածքում մասնաբաժին ունենալու շուրջ բանակցությունների անհաջող ընթացքի արդյունքում` ԲՀԿ-ն կարող է դառնալ ոչ թե կառուցողական, այլ կառուցվածքային ընդդիմություն»,- գրել է թերթը:




























