Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամային հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ, դեսպան Ֆիլիպ Լեֆորը հերքել է տեղեկությունները, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը փոխվելու է, եւ Ֆրանսիային փոխարինելու է ԵՄ-ն: Այդ մասին Լեֆորը հայտարարել է հունիսի 1-ին Երեւանի պետհամալսարանի Եվրոպական հետազոտությունների կենտրոնում պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպմանը:

Նրա խոսքով, տարբեր քննարկումներ են եղել, տարբեր տեսակետներ բաձրաձայնվել:

«Սակայն գոյություն ունի ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափ»,- ընդգծել է դեսպանը` հավելելով, որ Ֆրանսիան էլ եվրոպական երկիր է:

Լեֆորը հիշեցրել է, թե Ֆրանսիայի փոխարինումը ԵՄ-ով անհնար է մի շարք պատճառներով: Առաջինն, ինստիտուցիոնալ բնույթի է, քանի որ կա Մինսկի խմբի մանդատը ԵԱՀԿ-ի կողմից, եւ ԵՄ-ն չի կարող փոխարինել ԵԱՀԿ-ին: «Մինսկի խումբը որոշակի սցենար ունի` Մադրիդյան սկզբունքները: Վտանգ կա, որ ձեւաչափի փոփոխությունը կարող է զրոյի հավասարեցնել բանակցային ողջ գործընթացը»,- ասել է դեսպանը` հավելելով, որ այդ կապակցությամբ որոշվել է առավելագույնս աջակցել ՄԽ համանախագահներին:

ԵՄ հատուկ ներկայացուցչի մանդատի իմաստը կայանում է Հարավային Կովկասի երկրների ինտեգրումը Եվրոպային: «Դա տեւական գործընթաց է, բայց մենք համբերություն, ձգտում ու հույս ունենք»,- նշել է նա: