Տավուշի մարզի Իջեւան քաղաքի ավագանու անդամների մի մասը շարունակում է չներկայանալ նիստերին, այդ կերպ բոյկոտելով հրավիրված նիստերը: Մինչ օրս հաստատված չէ նաեւ Իջեւան համայնքի բյուջեն, ինչը բազում խնդիրներ է առաջացնում քաղաքում իրականացվող աշխատանքների հարցում: Մայիսի 30-ին կայացած վերջին ավագանու նիստին ավագանու 14 անդամներից 7-ը բացակայել են:
NEWS.am-ի Տավուշի թղթակցի հետ զրույցում Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը նշեց, որ առայժմ որէեւ քայլ ինքը չի պատրաստվում անել: «Սպասում եմ, որ միգուցե ավագանու անդամները գան նիստերին»,-ասաց նա, հավելելով, որ դժվարանում է ասել, թե որքան կտեւի ավագանու անդամների նման պահվածքը:
Անդրադառնալով համայնքի 2012թ-ի բյուջեին, որը մինչ օրս ավագանու կողմից չի հաստատվել եւ լուրջ խոչընդոտներ ստեղծել, քաղաքապետ Վարդան Ղալումյանը, նշեց, որ եթե այսպես շարունակվի, ինքն օրենքով սահմանված կարգով կդադարեցնի ավագանու անդամների լիազորությունները:
Հարցին, թե ո՞րն է պատճառը, որ ավագանու անդամները չեն ներկայանում նիստերին եւ ովքեր են հիմնականում բացակայողները, քաղաքապետը պատասխանեց. «Պատճառն այն է, որ երեւի չեն համակերպվում նախկին քաղաքապետի պարտության հետ ու բոյկոտում են նիստերը: Բոյկոտողները հիմնականում նախկին քաղաքապետի թիմակիցներն են»:
Լուսանկարները` Էդվարդ Արզումանյանի


























