Երեւանի Նալբանդյան 106/1 հասցեում շինարարություն իրականացնելու եւ տասնյակ ծառեր հատելու դեմ բողոքի ակցիա կկազմակերպվի հունիսի 2-ին, ժամը 12:00-ին:

«Մեր քաղաքը» հանրային նախաձեռնությունն այս կապակցությամբ հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.

«2012թ, ԱԺ ընտրություններից հետո Նալբանդյան 106/1 հասցեում, ինչպես Երեւան քաղաքի բազմաթիվ այլ վայրերում, վերսկսվում են ապօրինի գործողությունները՝ անփաստաթուղթ եւ բնակիչների կողմից բազմիցս բողոքարկված շինարարության վայրում:

ՀՀ օրենսդրության կոպիտ խախտումով քանդված մանկապարտեզի տեղում այս պահին փոս է, իսկ բակի տասնյակ կենսունակ ծառերը կառուցապատողի կողմից ոչնչացվեցին մայիսի 30-ին:

Մանուկների պաշտպանության օրվա առթիվ, Թումանյան, Նալբանդյան, Սայաթ-Նովայի պողոտա եւ Ավագ Պետրոսյան փողոցների բնակիչները մտադիր են իրականացնել հերթական բողոքի ակցիան: Այն տեղի կունենա շաբաթ օրը՝ հունիսի 2-ին՝ ժամը 12:00-ին: Ակցիայի ընթացքում կքննարկվի ներբակային կառուցապատման արատավոր խնդրի դեմ պայքարի հանրային մեխանիզմները, ինչպես նաեւ կներկայացվեն հետագա քայլերը վերոհիշյալ խնդրի լուծման առնչությամբ:

Հրավիրում ենք բոլորիդ` մասնակցելու բնակչություն-կառուցապատող/քաղ.իշխ. այս էպիկական հակամարտության հերթական շքահանդեսին, որով կփառաբանվի ՀՀ նեոֆեոդալական ժամանակաշրջանի կառուցապատման տխրահռչակ ծրագրերի ձախողումը՝ ի նպաստ Երեւանի բնակչության առողջ կենսամիջավայրի պահպանման»: