Բնապահպանության նախարարությունն արձագանքել է բնապահպանների ահազանգին, ըստ որի, «Արզական-Մեղրաձորի» արգելավայրի տարածքում շինարարություն է իրականացվում:

Բնապահպանության պատասխան նամակում, մասնավորապես, նշվում է.

«ՀՀ Կոտայքի մարզի Արզականի անտառպետության տարածքում  Դալար գետի ափամերձ հատվածը «Հայանտառ» ՊՈԱԿ-ը 14.01.2011թ. կնքված վարձակալական պայմանագրով տրամադրել է Երեւանի բնակիչ Կարեն Վարդանյանին, 25 տարի ժամկետով` հանգստի գոտի կազմակերպելու նպատակով:

Ինչ վերաբերում է Դալար գետի հունում իրականացվող աշխատանքներին եւ տարածքը փշալարերով ցանկապատելու հարցին, այն կատարվել է չպահպանելով կնքված պայմանագրի 3.4.3  կետի պահանջները:

Քանի որ շինարարական աշխատանքներ են իրականացվել անմիջապես գետի հունի եւ ափամերձ հատվածներում, բնապահպանական պետական տեսչության կողմից արձանագրվել է ՀՀ ջրային օրենսգրքի 99-րդ հոդվածի 8-րդ կետի պահանջների խախտում, ինչն է Դալար գետի ջրի հոսքի խոչնդոտումն ու շեղումը:

Բնապահպանական պետական տեսչության կողմից համապատասխան խախտում թույլ տված անձը` Երեւան քաղաքի բնակիչ Սերոբ Կարապետյանը, ենթարկվել է վարչական տույժի 100 հազար դրամի չափով: Նրա նկատմամբ կազմվել է նաեւ  190 հազար դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնասի  արձանագրություն:

Բնապահպանական օրենսդրության պահանջների խախտումների վերացման նպատակով 30.05.2012թ. թիվ 000041 հանձնարարականով Ս.Կարապետյանին տրվել է 20-օրյա ժամկետ` շինարարության իրականացման վայրում գետի հունը նախնական տեսքի բերելու եւ փշալարային ցանկապատը հանելու համար:

Բնապահպանական պետական տեսչության կողմից կիրականացվի վերահսկողություն եւ անհրաժեշտության դեպքում հետագա ձեռնարկվելիք աշխատանքների վերաբերյալ  Ձեզ կտեղեկացվի»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնությունն ու «Բնապահպանություն» ֆեյսբուքյան խումբը նամակով դիմել է բնապահպանության նախարարին ու գյուղատնտեսության նախարարին, որտեղ նշել են.

«Սույն թվականի մայիսի 21-ին համացանցում հայտնվեցին լուսանկարներ, որոնք անվանակոչված են Dalarik river, Armenia եւ որտեղ ներկայացված են ինչ որ օբյեկտի կառուցման մանրամասներ /լուսանկարները ներկայացված են հետեւյալ հասցեներով.

https://www.facebook.com/media/set/?set=oa.415564445130772&type=1

https://www.facebook.com/photo.php?fbid=439302889414287&set=o.130454790308407&type=1&theater

Ենթադրվում է, որ խոսքը վերաբերվում է «Արզական-Մեղրաձորի» արգելավայրի տարածքով հոսող Դալար գետի վտակներից մեկի մասին, այսինքն չի բացառվում, որ շինարարությունն իրականացվում է հատուկ պահպանվող տարածքում:

Լուսանկարներից պարզ երեւում է որ.

Ներկայացված վտակի ափին կառուցվում է ինչ որ փայտե կառույց եւ գետի որոշակի հատվածն իր շրջակայքով ցանկապատված է,

Վտակի մի մասում հունն ամբողջովին ավիրված է, ջուրը ամբողջությամբ հոսում է մետաղական խողովակի միջով,

Վտակի հունում կատարված են բետոնապատման աշխատանքներ ենթադրաբար արհեստական լճակի, ՀԷԿ-ի կամ նմանատիպ այլ օբյեկտի կառուցման նպատակով:

 Մեր կարծիքով, տեղի է ունեցել տվյալ հատվածի էկոհամակարգի խախտում, վտակի հունի եւ ափերի ավիրում, հետեւաբար շրջակա միջավայրին հասցվել է որոշակի վնաս:

Հետեւաբար, ելնելով վերոշարադրյալից եւ հիմք ընդունելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ եւ 9-րդ հոդվածների պահանջները, խնդրում ենք օրենքով սահմանված 5-օրյա ժամկետում մեզ տրամադրել հստակ եւ մանրամասն տեղեկատվություն հետեւյալ հարցերի վերաբերյալ.

Արդյոք տվյալ շինարարությունն իսկապես իրականացվում է «Արզական-Մեղրաձորի» արգելավայրի տարածքո՞ւմ,

Ո՞վ է տվյալ շինարարությունն իրականացնողը,

Արդյո՞ք այդ շինարարությունն իրականացնողն ունի համապատասխան թույլտվություններ, այդ թվում՝ շինարարություն իրականացնելու, վտակի հունը փոփոխելու եւ տարածքը ցանկապատելու համար:

Միեւնույն ժամանակ նախարարություններից պահանջում ենք անմիջապես ձեռնարկել համապատասխան միջոցառումներ տվյալ հատվածում իրականացվող շինարարությունը դադարեցնելու, բնությանն արդեն իսկ հասցված վնասը վերականգնելու ուղղությամբ»: