Հունիսի 1-ին, առավոտյան 8-ի սահմաններում Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության մարտական դիրքերում դեռեւս չպարզված հանգամանքներում զոհված Գյումրեցի 19-ամյա Սարո Սամվելյանը 6 ամիս էր, ինչ անցել էր պարտադիր զինվորական ծառայության: Սարոյին դեպքից 10 օր առաջ էին տեսել, գյումրեցի զինվորը հարեւանների պատմելով արձակուրդ էր եկել:
Նրանց խոսքով, Սարո Սամվելյանը հանգիստ, հավասարակշռված տղա էր, ընտանիքը եւս վայելում էր շրջապատի սերն ու հարգանքը: Սարոյին ճանաչողները խուսափում են կատարվածի մասին որեւէ հստակ բան նշել, միայն պատմում են, որ տղան երազանքներ շատ ուներ: Տղան սովորել է Գյումրիի համար 2-րդ միջնակար դպրոցում, այնուհետ ընդունվել Երեւանի Եվրոպական համալսարան ու երկրորդ կուրսից մեկնել ծառայության: Սարո Սամվելյանի հարազատները լրագրողներին վստահեցրել են, որ իրենք ամեն կերպ պարզելու են կատարվածը, երբ խաղաղ պայմաններում շարունակում են զինվորներ սպանվել:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 1-ին, ժամը 8.20-ի սահմաններում, Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում դեռեւս չպարզված հանգամանքներում հրազենային մահացու վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, 19-ամյա Սարո Արտյոմի Սամվելյանը:
NEWS.am-ի թղթակից հետ զրույցում ՊՆ քննչական ծառայության սպա Մերի Սարգսյանը նշել է, որ ժամկետային զինծառայող, 19-ամյա Սարո Արտյոմի Սամվելյանի մահվան փաստով հարուցվել է քրեական գործ` Քր.օր.-ի 110 հոդվածի առաջին մասի հատկանիշներով (ինքնասպանության հասցնելը):




























