Հայ եկեղեցին, այսօր` հունիսի 5-ին, նշել է սուրբ Գայանյանց կույսերի տոնը:
Տոնի առիթով առավոտյան Մայր աթոռ սուրբ Էջմիածնից եկեղեցականների թափորով Սուրբ Գայանե վանք են տարել սրբուհու մասունքն ամփոփող Աջը` հավատավոր հայորդիների երկրպագության եւ օրհնության համար:
Ս. Գայանե վանքի ուխտի այս օրը Ս. Պատարագ է մատուցել Տ. Կարապետ վարդապետ Հարությունյանը (Ֆրանսիայի հայոց թեմ): Պատարագի ընթացքում օրվա խորհրդի շուրջ քարոզել է Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքությունից Տ. Զակքեոս ծայրագույն վարդապետ Օհանյանը:
Քարոզիչ Հայր Զակքեոսը հրավիրել է հավատացյալ ուխտավորներին վայելել այն հրաշալի Լույսը, որ շնորհվել է Հայաստան աշխարհին սուրբ կույսերի արյան հեղմամբ, նահատակությամբ եւ մաքրամաքուր բարեխոսությամբ:
Սուրբ Պատարագից հետո Ս. Գայանե վանքի բակում կատարվել է Անդաստանի արարողություն, որի ընթացքում Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանն ու Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը սրբուհու մասունքն ամփոփող Աջով օրհնել են աշխարհի չորս կողմերը եւ ներկա բազմաթիվ ուխտավորներին:
Նույն օրը այս շաբաթ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարված միաբանական հավաքի առիթով Հայրենիք ժամանած միաբանները եւ Հայոց Եկեղեցու Նվիրապետական Աթոռների ներկայացուցիչները այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու բյուրավոր հայ նահատակների հիշատակին: Հուշահամալիրում կատարվել է հոգեհանգստյան արարողություն:




























