Շրջակա միջավայրի պահպանության համաշխարհային օրը Հայաստանում ԱՄՆ դեսպանատան նախաձեռնությամբ եւ Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ, դեսպան Ջոն Հեֆերնը եւ դեսպանատան աշխատակիցները Հրազդանի կիրճում գտնվող Մանկական երկաթուղու մուտքին հարող տարածքը մաքրել են կուտակված աղբից:

«Շատ գնահատում ենք քաղաքապետի աջակցությունը մեր արշավին, որ սկզբնավորում ենք: Սա մեր առաջին քայլն է, որն առաջ գնալու միտում ունի: Երեւանը շատ գեղեցիկ քաղաք է բազմաթիվ լավ տեղանքներով, եւ մենք ուրախ ենք, որ կարող ենք աջակցել՝ այդ տարածքներում մաքրության աշխատանքներ նախաձեռնելով»,- նշել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը: Դեսպանը նաեւ առաջարկել է մշտապես մաքրություն պահպանելու համար տարբեր տարածքներում աղտոտելն արգելող ցուցանակներ փակցնել եւ կիրառել իրավաբանական գործիքներ՝ տուգանքներ:

Երեւանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Կառլեն Ղազարյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին արշավի եւ առաջարկությունների համար:

Հավաքված աղբը տարածքից հեռացվել է Երեւանի քաղաքապետարանի տրամադրած աղբատարներով: