Երեւանի Կենտրոն Նորք Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր` հունիսի 5-ին, կայացած նիստում բավարարեց քննիչի միջնորդությունը եւ Սոֆի Դեւոյանին պատկանող Mercedes C-500 մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 46-ամյա Հմայակ Միքայելյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիարառեց կալանքը: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Ոստիկանությունից: Հմայակ Միքայելյանը տեղափոխվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանում, հունիսի 3-ի կեսօրին, Դավիթ Բեկի փողոցում Սոֆի Դեւոյանին պատկանող Mercedes C-500 մակնիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել հանդիպակած գոտի եւ բախվել «Ռեսո» ապահովագրական ընկերությանը պատկանող «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենային:
Վթարի հետեւանքով, 5 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որոնցից 1-ը մահացել է:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Հոգու եւ պարի թատրոնի ղեկավար Սոֆի Դեւոյանը հաստատել էր տեղեկությունը եւ նշել, որ զայրացած է, որ իր վարորդն առանց իրենց հարցնելու մեքենան վարել է: «Դա իմ անձնական մեքենան է եւ նա որպես վարորդ է աշխատում: Փաստորեն գիշերը չգիտեմ որտեղից է վերադառնալուց եղել ու նման շատ վատ դեպք է տեղի ունեցել: Շատ վատ»,-նշեց Սոֆի Դեւոյանը:
Նրա նկատմամբ քրեկան գործ է հարուցվել ՀՀ Քրօրի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով:



























