Հայաստանի տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրինության ինստիտուցիոնալ կառույցի ղեկավար Ադրիանո Զիլհաոյի հրավերով մայիսի 30-ից հունիսի 2-ը Բրյուսելում մասնակցել է Գյուղատնտեսության եւ գյուղական զարգացման քաղաքականության ավագ պաշտոնյաների համար կազմակերպված համաժողովին, որի նպատակն էր քննարկել Եվրոպայի հարեւանության քաղաքականության (ԵՀՔ) երկրներում գյուղատնտեսության բնագավառի արդիականացման խնդիրները:
ՏԿՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ԵՀՔ երկրների Գյուղատնտեսության եւ գյուղական զարգացման քաղաքականությունը (ENPARD) նոր նախաձեռնություն է, որը կարեւորում է գյուղատնտեսության զարգացումը` սննդամթերքի անվտանգության, կայուն արտադրության եւ գյուղերում աշխատատեղերի ապահովման համատեքստում:
Համաժողովի ընթացքում քննարկվել են ENPARD-ի շրջանակում Արեւելյան եւ Հարավային Եվրոպայի երկրների միջեւ համագործակցության հնարավորությունները, գյուղատնտեսության եւ գյուղական բնակավայրերի զարգացման խնդիրները:
Այցի շրջանակում ՀՀ ՏԿ նախարարի առաջին տեղակալը հանդիպել է նաեւ Եվրոպական ռեգիոնների ասամբլեայի նորանշանակ գլխավոր քարտուղար Պասկալ Գեորգենի հետ: Քննարկվել են երկկողմ համագործակցությանը, ինչպես նաեւ Հայաստանում տարածաշրջանային համագործակցության խնդիրներին նվիրված համաժողովի կազմակերպմանը վերաբերող հարցեր:




























