ՎիվաՍել-ՄՏՍ-ն այս տարի 45 միլիոն դրամի սոցիալական ներդրումներ է իրականացրել` Արմավիրի Քարակերտ, Լեռնագոգ, Շենիկ, Նոր Արտամետ եւ Արգինա գյուղերում ութ միավոր «Զենիթ» հակակարկտային կայանի արտադրման եւ տեղակայման համար:

Հակակարկտային կայանի կառավարումն իրականացվում է ավտոմատ, բջջային հեռախոսից` GSM շարժական կապի միջոցով կիրառելով SMS հաղորդագրություններ: Ինչպես NEWS.am-ին տեղեկացրին ՎիվաՍել-ՄՏՍ-ից, տեխնիկական ապահովումը իրականացվում է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության կապի միջոցներով, ընդ որում ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից հակակարկտային կայանների համար սահմանվել է կապի հատուկ սակագին: Կայանի ինքնավար աշխատանքն ապահովելու համար օգտագործվել է արեւային էլեկտրասնուցման համակարգ:

Հակակարկտային համակարգը բաղկացած է գազագեներատորից եւ գործարկման ավտոմատ համակարգից: Հակակարկտային կայանի աշխատանքի հիմքում ընկած է մթնոլորտի վրա ուղղահայաց տարածվող մեծ ուժգնության հարվածային ալիքների ազդեցության մեթոդը: Համաձայն այս մեթոդի, դեպի վեր ուղղորդված հարվածային ալիքների դաշտը ներազդում է կարկտաբեր ամպերի կառուցվածքի վրա, դրանով իսկ չեզոքացնելով կարկուտի առաջացման եւ հետագա հասունացման հնարավոր նախապայմանները եւ գոյացումները:

«Հաճախ` գարնանը կարկուտը զգալի վնաս է հասցնում գյուղացիներին: Սա նաեւ կորուստների է բերում Հայաստանի ամբողջ գյուղատնտեսության համար, որը եւ առաջնային, եւ, միեւնույն ժամանակ, տնտեսության ամենախոցելի ոլորտներից է։ Զգալի ժամանակ եւ ներդրումներ պահանջող բերքը կարող է բնական աղետի հետեւանքով ոչնչացվել ընդամենը մի քանի րոպեում: Սա հսկայական կորուստ է թե երկրի տնտեսության, եւ թե մասնավոր տնտեսությունների համար: Հակակարկտային կայանները կօգնեն ավելացնել գյուղատնտեսության ոլորտի եկամտաբերությունը, իսկ երկարաժամկետ հեռանկարում` բարելավել մարզերի բնակչության կյանքի որակը»,- նշեել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Ըստ ՎիվաՍել-ՄՏՍ-ի հաղորդագրության՝ 2008-2010 թթ. ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ն այս ծրագրի իրականացման համար հատկացրել է 120 միլիոն դրամ, իսկ միայն 2012-ին` 45 միլիոն դրամ:

Հինգ գյուղերում մոտ 90 տոկոս արդյունավետությամբ գործող հակակարկտային կայանների տեղադրման շնորհիվ ընդամենը մեկ տարվա ընթացքում Արմավիրի մարզում այժմ հնարավոր կլինի պաշտպանել 800 հեկտար մշակված հողատարածք: «Զենիթ» հակակարկտային կայանները մշակվել եւ արտադրվել են «Բարվա» ինովացիոն կենտրոնի կողմից` մտավոր եւ արդյունաբերական տեղական ռեսուրսների կիրառմամբ: