Տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակը եւ արտաքին տեսքը երթեւեկության կազմակերպման եւ կուլտուրայի կարեւոր բաղադրիչներն են, սակայն, ցավոք, այս իրողությունը, որ նաեւ օրենսդրության պահանջ է, երբեմն չի ընկալվում որոշ վարորդների կողմից: Նման բովանդակությամբ հաղորդագրություն է տարածել ոստիկանության մամուլի ծառայությունը:

Հաղորդագրության մեջ նշվում է.

«Հատկապես մայրաքաղաքի փողոցներում հաճախ կարելի է տեսնել կեղտոտ թափքերով, ցեխոտ անվադողերով, պատռված ծածկերով կամ ընդհանրապես առանց ծածկի բեռնափոխադրումներ իրականացնող, նաեւ գերհզոր ազդանշանային սարքերով հագեցված տրանսպորտային միջոցներ, որոնց շահագործումն այդ վիճակում  լուրջ բնապահպանական ու սանիտարական խնդիրնaեր է առաջացնում մայրաքաղաքում, վնասում բնակիչների առողջությանը, անհարկի խախտում նրանց անդորրը:

Հայաստանի ոստիկանության պետը խիստ հանձնարարական է տվել Ճանապարհային ոստիկանությանը` այսուհետ առավելագույնս հետեւողական լինել նման խախտումների նախականխման եւ հայտնաբերման ուղղությամբ:

Ճանապարհային ոստիկանների օրինական պահանջներին չենթարկվող վարորդները կպատժվեն օրենսդրությամբ սահմանված կարգով»: