Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ծառայողները հունիսի 7-ին, ժամը 19.30-ին Հանրապետության հրապարակում գտնվող սրճարանից գողություն կատարելու կասկածանքով Երեւան քաղաքի վարչություն բերման են ենթարկել նախկինում 3 անգամ դատապարտված, 39-ամյա Հակոբ Ն.-ին:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ Հակոբ Ն.-ն խոստովանել է, որ 2011 թ. հունիս-հուլիս ամիսներին, հարմարեցված բանալիով մուտքի դռան փականը բացելու միջոցով, 48-ամյա Մայա Խ.-ի տնից գողացել է սրբանկար, խաչքար-հուշարձան, տարբեր չափերի 3 գորգ, պարսկական արտադրության գազի վառարան եւ կենցաղային առարկաներ:
Պարզվել է նաեւ, որ Հակոբ Ն.-ն 2011 թ. փետրվարից մայիսն ընկած ժամանակահատվածում, հարմարեցված բանալիով դռան փականը բացելով, 67-ամյա Ամալյա Պ.-ի բնակարանից գողացել է հեռուստացույց, 2 գորգ, պահածոներ, սպասք եւ այլ կենցաղային իրեր` պատճառելով 400 հազար դրամի նյութական վնաս:
2011թ. փետրվարի 5-ից մինչեւ փետրվարի 10-ն ընկած ժամանակահատվածում Հակոբ Ն.-ն տեխնիկական միջոցների գործադրմամբ պատուհանը բացելով՝ Սեդա Դ.-ին պատկանող՝ Հ. Հովհաննիսյան փողոցի թիվ 99 տնից գողացել է կենցաղային իրեր:
Կատարվում է նախաքննություն:




























