Վանաձորի քաղաքապետարանի բաժինների պետերի ամենշաբաթյա խորհրդակցության ժամանակ, հունիսի 11-ին քաղաքապետ Սամվել Դարբինյանը նիստը սկսել է կարգապահական հարցերից: Նիստի ընթացքում քաղաքապետ Սամվել Դարբինյանը խոսել է քաղաքի մաքրման աշխատանքներից, դժգոհելով, որ քաղաքի գրեթե ամբողջ տարածքում  աղբարկղերի շրջակայքը լի է մետաղային թափոններով, շինարարական աղբով եւ կենցաղային աղբի մնացուկներով: Սամվել Դարբինյանը հանձնարարել է 3 օրում մաքրել աղբարկղերի շրջակայքը՝ 10 մետր շառավղով, նշելով, որ դրա համար պատասխանատու են նաեւ տվյալ տարածքի թաղամասային հիմնարկը կամ համատիրությունը: Պահանջվել է պոլիէթիլենային տոպրակներից, թղթի մնացուկներից մաքրել ինչպես Հայքի հրապարակը, Տիգրան Մեծի պողոտան, Խորենացիի, Կարեն Դեմիրճյան, Գր. Լուսավորչի փողոցները, այնպես էլ քաղաքի ոչ կենտրոնական մասերը:

Նիստի ընթացքում կարեւորվել է կանաչ տարածքների հնձման, սիզամարգերի ձեւավորման, ծաղկանոցների խնամքի աշխատանքները: Հանձնարարվել է մինչեւ շաբաթվա վերջ ամբողջովին սածիլապատել Տիգրան Մեծի պողոտայի երկու կողմերը, քաղաքի շրջանաձեւ խաչմերուկները մաքրել խիճ-ավազային կուտակումներից, մեծ ուշադրություն դարձնել փողոցների գիշերային լուսավորությանը՝ վերացնելով  էլեկտրագծերի վթարները: Անցյալ շաբաթ սպասարկման աշխատանքներ են կատարվել 11 փողոցում, նորերով փոխարինվել են 46 լամպեր:

Պահանջվել է հունիսի 15-ից ակտիվորեն զբաղվել ծայրամասային թաղամասերում ճանապարհների նորոգման, բակերում խաղահրապարակների կառուցման հարցերով:

Քաղաքապետը խորհրդակցության ժամանակ դժգոհություն է հայտնել բյուջեի հավաքագրումից: Նա նշել է, որ այս ամսվա սկզբից հավաքագրվել է 5 մլն 800 հազար դրամ, ինչը համարեց ոչ գոհացուցիչ: