Դեկտեմբերի 19-ի գիշերը հերթական աղմկոտ սպանությունն է կատարվել Երեւանում: Նոր Նորք վարչական շրջանի Մոլդովական 17 շենքի մոտ անհայտ անձի կամ անձանց կողմից ինքնաձիգի գործադրմամբ սպանվել է 40-ամյա մի տղամարդ (ֆոտորեպորտաժ):

NEWS.am-ին հաջողվեց ճշտել, որ սպանվածը 1968թ. ծնված Ռադիկ Աշոտի Ղուկասյանն է, որի մասին հարեւանները մեզ փոխանցեցին, թե նա Ռուսաստանում զբաղվում էր գործարարությամբ: Սպանությունը կատարվել է ժամը 2-ի սահմաններում: Սպանվածը հայտնաբերվել է «Մերսեդես ՄԼ» մակնիշի մեքենայում: Դեպքի վայրում հայտնաբերվել է հանցագործության գործիք ավտոմատն ու պարկուճներ:

Ի դեպ, կրակոցները հասել էին նաեւ հարեւան շենքերին, սակայն երջանիկ պատահականությամբ որեւէ մեկը չէր տուժել:

Առավոտյան դեպքի վայր էին ժամանել ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ պետ Հունան Պողոսյանը, ՀՀ գլխավոր դատաբժիշկ Շոթա Վարդանյանը: Այս պահին դեպքի վայրում աշխատում են ոստիկանության փորձաքրեագիտական վարչության աշխատակիցները՝ կատարելով հանցանքի վայրի տեղազննություն: