Հայաստանում հավատարմագրված դեսպանների կանանց «Welcome to Armenia» ասոցացիան` ՀՀ արտգործնախարարի տիկնոջ՝ Նատալյա Նալբանդյանի գլխավորությամբ, դեկտեմբերի 19-ին Երեւանի քաղաքապետարանում բարեգործական ցուցահանդես-վաճառք էր կազմակերպել: Ցուցահանդեսում ներկայացված էին Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Հնդկաստանի, Իրաքի, Թուրքմենստանի, Վրաստանի եւ շատ այլ երկրների ազգային-խոհանոցի ուտեստներ եւ հուշանվերներ: Ցուցահանդես-վաճառքից ստացված ողջ գումարը հատկացվելու է Շենգավիթ համայնքի անբարեկարգ վիճակում գտնվող թիվ 5, 73, 95 մանկապարտեզների վերանորոգմանը:
«Բոլոր երկրներում Նոր տարուց առաջ ավանդույթ կա կազմակերպել բարեգործական ակցիաներ երեխաների կամ անապահով մարդկանց համար: Մենք Երեւանի քաղաքապետարանի միջնորդությամբ գտանք ծանր վիճակում գտնվող երեք մանկապաարտեզներ եւ որոշեցինք վերանորոգել այն»,- ասաց արտգործնախարարի տիկին Նատալյա Նալբանդյանը` հավելելով, որ դեռ չի հասցրել ինչ-որ բան գնել բարեգործական ցուցահանդես վաճառքում:
Միջոցառմանը, բացի դեսպանների կանանցից, ներկա էին նաեւ դեսպանները:
Քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետ Լուսինե Մարտիրոսյանն ասաց, որ այս միջոցառումը եւս ընդգրկված է քաղաքապետարանի կողմից կազմակերպված տոնական միջոցառումների շարքում:




























