Եվրոպական հեռարձակողների միությունը Հայաստանի պահանջով պատժել է Ադրբեջանին: Այդ մասին դեկտեմբերի 19-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը եւ հավելել, թե Ադրբեջանին «Եվրատեսիլ» մրցույթին մասնակցելուց 3 տարով չեն զրկել միայն այն պատճառով, որ խախտում էր արել նաեւ Իսպանիան: «Մի քանի տարբերակ կար պատժելու, բայց ընտրվեց տուգանքը, քանի որ Իսպանիան էլ էր խոշոր խախտում արել: Վերջինս հիմնադիր երկիր է եւ մեծ նշանակություն ունի թե Եվրոպական հեռարձակողների միության, թե „Եվրատեսիլի“ համար, եւ այդ պատճառով էլ երկուսին էլ տուգանքով պատժեցին»,- նշեց Հարությունյանը եւ հավելեց, թե Ադրբեջանին զգուշացում է արվել, որ հաջորդ անգամ կզրկվի «Եվրատեսիլին» մասնակցելու իրավունքից։

Հիշեցնենք, որ ադրբեջանական հատուկ ծառայությունները հետապնդումներ էին սկսել «Եվրատեսիլ-2009» մրցույթում Հայաստանի օգտին քվեարկածների դեմ, ինչն էլ առիթ էր դարձել, որ ԵՀՄ-ում Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ հարուցվեին: