Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հարավային թեւի ուսումնական կենտրոններում կայացել են հրամանատարական կազմի 5-օրյա հավաքներ՝ միտված տարբեր մակարդակների հրամանատարների հմտությունների կատարելագործմանը:
Հավաքների ընթացքին հետեւել են ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը եւ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
«Զինված ուժերի պատրաստության ուղությամբ 2009թ-ն առանձնանում էր նրանով, որ լուրջ ուշադրություն է դարձվել հրամկազմի պատրաստությանը՝ զինված ուժերի ղեկավար կազմից մինչեւ զորամասերի եւ ստորաբաժանումների հրամանատարներ: Պետք է պահպանել ուսումնական գործըթնացի հաջորդականությունը, մեծ ուշադրություն դարձնել գործնական պարապմունքներին՝ առավելագույնս իրականին մոտ պայմաններում»,- ասել է Սեյրան Օհանյանը:
Հավաքների ժամանակ անցկացվել են պարապմունքներ զորամասերի կազմում ստորաբաժանումների կրակի ղեկավարման ուղղությամբ, մշակվել է դասակի պաշտպանական մարտը՝ հետագա հակահարձակման անցումով: ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանն ընդգծել է, որ հավաքներում մասնակիցների առջեւ դրված նպատակներն ու խնդիրները լուծվել են:
Ապա ԼՂՀ նախագահն ու պաշտպանության նախարարներն այցելել են ԼՂՀ ՊԲ առաջնային դիրքեր, նույն օրն էլ մասնակցել են Շուշիում զինծառայողների համար բնակելի տան բացման հանդիսավոր արարողությանը:




























