ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող  Երեւանի «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տնօրեն Հրաչյա Զոհրաբյանը պնդում է, որ համալիրում տեղի ունեցած դաժան ծեծի մասին Ռուբեն Հայրապետյանը տեղյակ չի եղել: Այս մասին նա հայտարարել է Panorama.am-ին տված հարցազրույցում:  

Ստորեւ ներկայացնում ենք Հ. Զոհրաբյանի հարցազրույցը:

Պարոն Զոհրաբյան, կներկայացնե՞ք` իրականում ի՞նչ է եղել «Հարսնաքար»-ում:

Երեկ, այդ խումբը եկավ ժամը 11-ի կողմերը, լավ խմած էին, սկզբում հինգ հոգի էին` մեկը աղջիկ, հետո միացավ եւս մեկ աղջիկ: Սպորտային հագուստով էին...Մեր մատուցողը նկատել է, որ մենեջերը չի թույլատրում սպորտային հագուստով մտնել համալիր: Իսկ նրանք գինովցած, խմած վիճակում ու շատ վատ արտահայտություններով մատուցողին անպատվում են, հետո մատուցողին հրավիրում են դուրս, նրա վրա են հարձակվում: Եվ երբ այդ ամենը տեսնում է մեր համալիրի անվտանգության աշխատակիցը գնում է, հրում են իրար ու նրանցից մեկը այդ կարճ պահին վայր է ընկնում:

Ո՞վ է վայր ընկնում:

Չեմ կարող ասել, ես հաճախորդներին անուններով չգիտեմ, այդ պահին բավականին շատ հաճախորդներ կային նստած: Նույնիսկ հարակից սեղաններից, որոնք բանկետ էին կազմակերպել, նեղանում էին ու մենեջերին կանչել եւ ասել են, թե ինչու են այդ խմբին տեղ տվել նստելու: Ասել են` ավելի լավ է դուրս հրավիրեք, որ մենք հանգիստ մեր միջոցառումը անցկացնենք. իրենց վատ պահվածքի ու վատ արտահայտությունների համար:

Համալիրի աշխատակիցների կողմից հրահրում եղե՞լ է:

Բացարձակ: Ոնց կարող է մարդ գա մեզ մոտ ու մենք հրահրենք: Հակառակը մենք հրահրողներին հանգստացնում ենք ու ճանապարհում եւ ընդունում ենք մարդկանց էնպես, որ միշտ գան մեզ մոտ: Ո՞նց կարող է մենք հրահրենք:

Ծեծկռտուքին մասնակցել են ռեստորանային համալիրի անվտանգության աշխատակիցնե՞րը:

Մեր անվտանգության աշխատակիցն էր եւ եղել են հաճախորդներ, որոնք որ խառնվել են տեսնելով այդ պահը, հրմշտոց է եղել, իրար հրել են ու էդ պահին մեկը ընկել է գետնին:

Պարոն Զոհրաբյան, տեղեկություններ են շրջանառվում, որ ծեծկռտուքը հրահանգվել է Ռուբեն Հայրապետյանի կողմից:

Ոչ, ոչ: Ռուբեն Հայրապետյանը տեղյակ չի եղել, ես ձեզ ասում եմ պաշտոնապես եւ եղել է մեր համալիրի անվտանգության աշխատակիցը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 17-ին, ժամը 23-ի սահմաններում դաժան ծեծկռտուք է եղել «Հարսնաքար» ռեստորանային համալիրում: NEWS.am-ի տեղեկություններով, ծեծի ենթարկվողը ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանն է եւ նույն հոսպիտալի բժիշկ Արտակ Բայադյանը: Վահե Ավետյանը գլխի ծանր վնասվածքով տեղափոխել են հոսպիտալ եւ նյարդավիրաբուժական վիրահատության ենթարկել:

Վիրահատությունը տեւել է մի քանի ժամ, եւ նա այժմ ծայրահեղ ծանր վիճակում գտնվում նույն հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում: Նախնական տեղեկություններով, նրան ծեծի է ենթարկել ԱԺ հանրապետական պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորը: Վահե Ավետյանի մոտ գլխուղեղի դիսլոկացիա է, մի կիսագունդը թեքվել է դեպի մյուս կիսագնդի մեջ,-ասել է վիրաբույժը:

Հարուցվել է քրեական գործ է ՀՀ քրեական օրենսգրքի  112 հոդվածի 1-ին մասով («Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար կամ առաջացրել է տեսողության, խոսքի, լսողության կամ որեւէ օրգանի կամ օրգանի ֆունկցիայի կորուստ կամ արտահայտվել է դեմքի անջնջելի այլանդակմամբ, ինչպես նաև կյանքի համար վտանգավոր այլ վնաս է պատճառել առողջությանը կամ առաջացրել է դրա քայքայում»):

Քրգործը ոստիկանությունից փոխանցվել է ՊՆ քննչական ծառայությանը: