Էկվադորի իշխանություններն «ամբողջ լրջությամբ» քննարկում են WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին քաղաքական ապաստան տրամադրելու հնարավորությունը։ Այդ մասին հայտարարել է երկրի նախագահ Ռաֆայել Կորրեան։ Ըստ Էկվադորյան առաջնորդի, որը հայտնի է իր ձախ սկզբունքներով, նա անձամբ ծանոթ չէ Ջ. Ասանժի հետ, սակայն խղճահարությամբ է լցվել նրա նկատմամբ, երբ շփվել են նախորդ ամիս։
Ավելի վաղ Էկվադորի արտգործնախարարի տեղակալ Մարկո Ալբուխան հայտարարել էր, որ երկրի կառավարությունը Ջ. Ասանժին ապաստան տալու մասին որոշում կկայացնի 24 ժամվա ընթացքում, հայտնում է rbc-ն։
Ջ. Ասանժն արդեն երկրորդ գիշերն է անցկացնում Մեծ Բրիտանիայի Էկվադորի դեսպանատանը։ Միաժամանակ նրա հայտնվելուն դրսում սպասում են բրիտանացի ոստիկանները, որոնք պատրաստվում են ձերբակալել նրան գրավի դիմաց ազատվելու պայմանները խախտելու համար, որոնց համապատասխան նա պարտավոր էր գիշերել տանը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, հունիսի 19-ին Ջուլիան Ասանժը, որին սպառնում է Մեծ Բրիտանիայի կողմից Շվեդիային հանձնումը, քաղաքական ապաստան է խնդրել Էկվադորից՝ դիմելով Լոնդոնում այդ երկրի դեսպանատուն։




























