ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը` «Շմայսը», արդեն 5 օր է ԱԺ-ում է եւ չգիտի, թե ով է իր տարածքի գյուղապետերին իր անունից հանդիպել, ինչպես գրում է մամուլը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը` Առաքել Մովսիսյանը:
«Ես տենց բան չեմ արել ու տեղյակ չեմ, թե գյուղապետերին ով ա հավաքել կամ խի ա հավաքել: Ես էս 5 օր է ԱԺ-ում եմ, ով գյուղապետերին հավաքել կամ գրել ա էդ մասին, նրանից հարցրեք, թե խի են գյուղապետերին հավաքել»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է նախագահական ընտրությունների հետ կապված գյուղապետերին խոստացված դրամական պարգեւին, Առաքել Մովսիսյանն ասաց. «Այ ցավդ տանեմ, գյուղապետերին ես երբ ուզեմ կկանչեմ, կգան մոտս, բայց ես ինչի՞ համար կանչեմ, իրենք իրանց գործով, իրանց կյանքով ապրում են: Ընտրություն չկա, դեմը բան չկա ինչի՞ անհանգստացնեմ»: Դիտարկմանը, թե գուցե ինչ-որ մարդիկ իր իր անունից հանդես գալով իր դեմ են աշխատում, նա արձագանքեց. «Ինչի մարդ կա՞, որ հակառակորդ չունենա»:
Ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին հայտնվել, որ օրերս Արմավիրի մարզի «սվոյ» ՀՀԿ-ական գյուղապետերին իր մոտ է կանչել Աժ պատգամավոր Առաքել Մովսիսյանը` «Շմայսը», ու կոնկրետ հանձնարարականներ տվել:
«Վերջինս իր ձեռքի տակ «մեծացած» գյուղապետներին ասել է, որ օր առաջ նրանք պետք է սկսեն աշխատել ինչպես առաջիկա ՏԻՄ ընտրությունների, այնպես էլ նախագահական ձայների համար՝ նկատելով, որ դա իր պատվի հարցն է: Նա նաեւ հավելել է, որ իրենց ավելորդ խոսակցություններ ու «մուննաթներ» պետք չեն, որովհետեւ հրաման կա, որ բոլոր աշխատանքները պետք է հանգիստ ձեւով կազմակերպվեն: Պատգամավորը հատուկ տոնով նաեւ ընդգծել է, որ իրեն ցանկացած հարցով կարող են դիմել, միայն թե` «առանց համը հանելու»: Իսկ այն գյուղապետները, ովքեր կարդարացնեն Շմայսի հույսերը, ըստ պատգամավորի տված խոստումների, լուրջ խրախուսումների կարժանանան»,- գրել է «Չորրորդ ինքնիշխանությունը»:




























