Թերթը գրում է. «Պարզվում է՝ ՀՀԿ-ն իսկապես հավատացել ու փոխվելե է. ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման բոլոր ընդմիջումները Տիգրան Սարգսյանն անցկացրել է իր «նապարնիկ» Հովիկ Աբրահամյանի սենյակում, նրա հետ «ջան ասել-ջան լսել», ինչը տեսարժան է այն առումով, որ նախկինում Տիգրան Սարգսյանն ընդհանուր միջանցքով գալիս-մտնում էր դահլիճ` մասնակցելու կառավարություն-ԱԺ հարցուպատասխանին, ու նույն ճամփով էլ վերադառնում էր կառավարություն:
Մեկ այլ ավանդույթ էլ խախտվեց կառավարության ծրագրի հաստատման օրը` հիմնված Անդրանիկ Մարգարյանի կողմից. տարիներ շարունակ ՀՀԿ-ն կառավարության ծրագրի քվեարկությունից անմիջապես հետո հավաքվում էր կոալիցիայի սենյակում` շնորհավորում, մեկ բաժակ կոնյակ էր ըմպում: Այս անգամ այդպես չեղավ:
Ոչ թե այն պատճառով, որ Տիգրան Սարգսյանը հետեւել էր իր պապի խորհրդին ու չէր ցանկացել ընկերություն անել չխմող մարդկանց հետ (գաղտնիք չէ, որ Հովիկ Աբրահամյանը չխմողների դասից է), ինչպես մեզ բացատրեցին ՀՀԿ-ից` զուտ տեխնիկական պատճառներով դա հնարավոր չի եղել, որովհետեւ ծրագրի քվեարկությունից անմիջապես հետո ԱԺ արտահերթ նիստն է սկսվել, եւ դահլիճից բացակայել հնարավոր չի եղել: «Դեռ կխմենք»,- ասացին»,- գրում է «Հրապարակը»:




























