2009թ. Հայաստանի արտաքին քաղաքականության ձախողումները շատ էին, եւ ամենը գալիս է նրանից, որ Հայաստանում շարունակվում է ժողովրդավարության նահանջը, հետապնդումները ընդդիմության նկատմամբ: NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնախմբի ղեկավար Վլադիմիր Կարապետյանը:

«Հիմնական խնդրահարույց գործընթացը, որ կուզենայի նշել, դա ձախորդ դիվանագիտական քայլերի ընթացքում Թուրքիայի աննախադեպ ակտիվացումն է ղարաբաղյան հարցում: Այսինքն, մեր սխալները հանգեցրին մի իրավիճակի, որ Թուրքիան միջազգային հանրության աչքում տարածաշրջանի խնդիրների հարցում լիիրավ խաղացող է դարձել: Թուրքական գործոնի ազդեցությունը գնալով շատանում է, եւ դա հիմնական ձախողումն է»,- նշեց Կարապետյանն ու հավելեց, որ որեւէ առաջընթաց չկա նաեւ ղարաբաղյան հարցում, եւ « մեզ համար դրական զարգացումների հեռանկարն էլ շատ մշուշոտ է»:

ՀԱԿ ներկայացուցիչը դրական զարգացումների շարքում նշեց Հայաստանի ժողովրդավարության հարցերով միջազգային առաջատար հաստատությունների հետաքրքրվածությունը: «Այսօր այդ հետաքրքրվածությունը բավարար չէ, բայց այն, որ նախաձեռնվել է մարդու իրավունքների հարցում երկխոսություն Հայաստանի հետ, շատ դրական է: Դա „Արեւելյան գործընկերության“ շարքում է, բայց առանձին ուղղություն է»,- մանրամասնեց ՀԱԿ ներկայացուցիչը: