«Րաֆֆի Հովհաննիսյանը գուցե ոչ երեւացող, սակայն մեծ ծավալի աշխատանք է կատարել կուսակցության համար»։ Դեկտեմբերի 24-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը՝ մեկնաբանելով վերջերս ԶԼՄ-ներում տարածված «Ժառանգության» հաշվետության մի հատված, որը փաստում էր, թե «Ժառանգություն» խմբակցության ամենապասիվ պատգամավորը Րաֆֆի Հովհաննիսյանն է։

Արմեն Մարտիրոսյանը հանդիպմանը խոսեց նաեւ Սոցիալ- դեմոկրատական Հնչակյան կուսակցության ներքին պառակտումներից եւ նշեց, որ իրենք կհամագործակցեն բոլոր այն քաղաքական գործիչների հետ, որոնք կցանկանան համագործակցել «Ժառանգության» հետ։ Նշենք, որ հնչակյաններից ոմանք վերջերս Ծաղկաձորում արտակարգ համագումար էին կազմակերպել, որից հետո հայտարարեցին, թե Լյուդմիլա Սարգսյանը վտարված է կուսակցությունից, իսկ նոր ատենապետը Գեւորգ Պերկուպերկյանն է: