Հարցազրույց Երեւանի ավագանու խորհրդում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախագահ Արման Վարդանյանի հետ։
Պարոն Վարդանյան Երեւանի ավագանու խորհուրդը նույնպես ամփոփեց աշխատանքային տարին։ Ինչպե՞ս եք գնահատում ավագանու աշխատանքը, նոր համակարգը արդարացնո՞ւմ է իրեն։
Քանի որ ավագանին նոր համակարգ էր, եղան բազմաթիվ խոչընդոտներ, շատերի համար անհասկանալի էր այն տարբերությունը, որով պիտի աշխատեին ավագանի-քաղաքապետ աշխատակազմը, ինչպես նաեւ ՀՀԿ-ԲՀԿ խմբակցությունները։ Ավագանու կազմավորվելուց հետո մենք որոշ կազմակերպչական աշխատանքներից հետո բնականոն հունով սկսեցինք աշխատել սեպտեմբեր ամսից։ Որպես գնահատական՝ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսները գնահատում եմ լավ, իսկ հոկտեմբեր- նոյեմբերը՝ գերազանց։
Ինչո՞վ էր գերազանց։
Այս ժամանակահատվածում ավագանի-քաղաքապետ պայքարը բերեց նրան, որ ավագանու ինստիտուտը էլ ավելի արագ կայացավ, որովհետեւ եթե ճգնաժամային մթնոլորտում ես աշխատում, դա դրդում է էլ ավելի արագ կայանալ։ Քաղաքապետը, անկախ իր կամքից, հակադիր բեւեռներ ստեղծելով իր ու ավագանու միջեւ՝ նպաստեց այդ կառույցի կայացմանը։
Հակադիր բեւեռներ ասելով՝ ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ առաջացած հակասություննե՞րը նկատի ունեք։
Հակասությունները ծագել էին այն բանից, որ ավագանին չէր իրականացնում այն դերակատարումը, ինչը պետք է ունենար, այն է՝ Երեւանի բարձրագույն իշխանական մարմինը պիտի վերահսկողություն իրականացներ քաղաքապետի գործունեության նկատմամբ։ Եւ քանի որ ավագանու խորհրդում կային լուրջ ուղի անցած մարդիկ, ովքեր գիտակցեցին եւ որոշակի քայլեր էլ իրենք արեցին, մեր պայքարը արձագանք ստացավ։ Իրենց շարքերում էլ ընդունեցին, որ այդպես չի կարող շարունակվել եւ բոլոր որոշումները պետք է ընդունվեն քաղաքական կոնսեսիուսի միջոցով։
Պարոն Վարդանյան, ամփոփիչ նիստում Ձեր խոսքում նշեցիք, որ ոմանց համար աշխատանքային ձեռքբերումների, ոմանց համար էլ սայթաքումների տարի էր։ Կոնկրետ ո՞ւմ նկատի ունեիք։
Հաղթանակների ու ձեռքբերումների տարի ավագանու համար էր, քանի որ այն տարվա ընթացքում որեւէ օրենք չի խախտել։ Որեւէ հարցում չի ցուցաբերել անփութություն։ Սայթաքումների առումով, եթե նստաշրջանի մասին մի քանի անգամ օրենք է խախտվում, դա է աշխատանքային սայթաքումը։
Վերջերս թերթերից մեկում հրապարակում եղավ, որտեղ «You tube» կայքում տեղադրված հայտնի դեպքերի հետ կապված պատմությունը կապվում էր նաեւ Ձեր անձի հետ։ Ըստ թերթի, դա արվել էր քաղաքապետարանի կողմից` հետագայում Ձեր դեմ շրջելու նպատակով։ Որքանո՞վ է համապատասխանում իրականությանը։
Ճիշտն ասած, ես այդ թերթից եմ տեղեկացել, ինձ համար անհասկանալի ու անընդունելի էր այդ ամենը։ Բնականաբար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում չկա մեկը, որը նման սպառնալիքները լուրջ ընդունի, նման սպառնալիքները մեզ համար ծիծաղելի են, բայց չցանկանալով հավատալ այդ ամենին՝ ես ասում եմ մի բան, մենք պայքարելու ենք, որպեսզի մեր հակասությունները լուծվեն քաղաքակիրթ ձեւով եւ ոչ թե «ռազբորկաների» մակարդակով, որին Հայաստանում շատերն են ընդունակ։




























