Երեկ` հուլիսի 16-ին Լոռիի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ երկու ամսով կալանավորվել է հուլիսի 13-ին Սպիտակ քաղաքի «ԱրմենՏել» ՓԲԸ կապի հանգույցի վրա ավազակային հարձակում գործած նույն քաղաքի բնակիչ, 22-ամյա Վարդան Սահակյանը: Այդ մասին հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը:
Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին, գիշերը 04:30-ի սահմաններում «ԱրմենՏել» ՓԲԸ Սպիտակի կապի հանգույցի անվտանգության աշխատակից Վռամ Ղազարյանը ահազանգել էր Ոստիկանության Սպիտակի բաժին և հայտնել, որ ժամը 03.30-ի սահմաններում դիմակավորված երկու անհայտ անձինք բաց պատուհանից մուտք են գործել Սպիտակ քաղաքի Շահումյան 5 հասցեում գտնվող կապի հանգույցի վարչական շենք, դանակի սպառնալիքով իրեն կապել են աստիճանավանդակից, այնուհետ հափշտակել այնտեղ եղած տարբեր տեսակի 11 հեռախոս և 3 հատ նոթբուք համակարգիչ:
Նույն օրը՝ ժամը 15.30-ի սահմաններում, Լոռու մարզի ոստիկանները ավազակային հարձակում կատարելու կասկածանքով ոստիկանության Սպիտակի բաժին բերման էին ենթարկել նույն քաղաքի բնակիչ, 22-ամյա Վարդան Սահակյանին: Վերջինս սովորում է Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի երրորդ կուրսում:
Փաստի առթիվ Լոռի մարզային քննչական բաժնում հարոցվել էր քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 175 հոդվածի 2-րդ մասին առաջին երկրորդ, երրորդ, և չորորդ կետերի (ավազակությունը որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով, բնակարան, պահեստարան, կամ շինություն ապօրինի մուտք գործելով և զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ) հատկանիշներով:
22-ամյա Վարդան Սահակյանը տեղափոխվել է «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ:




























