Հյուսիսային Դակոտա նահանգի Ուոպետոնի միջնակարգ դպրոցի շրջանավարտը, ով մանուկ հասակում տեսել է էթնիկ զտումներ, գիրք է գրել այն մասին, թե ինչ է վերապրել իր ընտանիքը։ Գիրքն անվանել է «Դեպի անհայտություն. վտարվելու պատմություն»։ Այդ մասին հայտնում է  «The Wahpeton Daily News»-ը։

1988 թվականին Աննա Աստվածատրյան- Թերքոթը 10-ամյա հայուհի էր, որն ապրում էր Ադրբեջանական ԽՍՀՄ-ի Բաքու քաղաքում։ Նրա մանկությունն ընդհատվեց, երբ Ադրբեջանի՝ մեծամասնություն կազմող մահմեդական բնակչությունը վռնդեց երկրից հայ- քրիստոնյա փոքրամասնությանը՝ կիրառելով բռնություն։

«Մեկուկես տարի մենք տեսնում էինք վախ ու բռնություն։ Գնալու տեղ չունեինք։ Մենք չէինք կարող օրինական ճանապարհով հեռանալ, մինչեւ ստիպված չեղանք դա անել, որպեսզի փրկվենք»,- ասել է նա հեռախոսով հարցազրույցի ժամանակ։
Թերքոթն ասել է, որ իր ընտանիքը փախել է Հայաստան, սակայն նրանց չեն ընդունել, քանի որ նրանք չեն խոսել հայերեն. «Մենք այնտեղ առճակատվեցինք նախապաշարումներին»։

Ուժգին երկրաշարժը ամայացրել էր Հայաստանը, եւ երկիրը պատրաստ չէր ընդունել հազարավոր փախստականներ Ադրբեջանից։ Ընտանիքն ապրել է չջեռուցվող նկուղում եւ պայքարել է. «Այլեւս անհնար էր ապրել նման պայմաններում»։
Ընտանիքը դիմել է փախստականի կարգավիճակ ստանալու համար եւ 2,5 տարի անց մեկնել է Ուոպետոն։ Աննան 14 տարեկան էր, իսկ նրա եղբայր Միխայիլը՝ 7։

Թերքոթն ասում է, որ նա վնաս է կրել բազմաթիվ առումներով` ցավելով իր հայրենիքի համար եւ փորձելով հարմարվել նոր երկրին եւ կենսակերպին: 

«Ամեն ինչ լավ էր, բայց ես զգում էի, որ ինձ վերաբերում են որպես այլ երկրի հուշանվեր, - ասել է նա: - Ես իմ առաջին ամառը մենակ անցկացրի եւ սկսեցի օրագիր գրել: Ես մտածում էի իմ ապագա երեխաների մասին եւ ուզում էի, որ նրանք իմանան, թե որտեղից ենք մենք եկել»:

Թերքոթը երկու տարի աշխատել է օրագրի վրա: «Զգացմունքայնորեն ես չէի կարողանում վերադառնալ պատմությանը, այդ պատճառով էլ ես խմբագիր գտա` հայ  պոետի», – հայտնել է նա: Խմբագիրն օգնել է նրան ավարտել գիրքը:

Թերքոթն ԱՄՆ-ի քաղաքացուհի է դարձել 1997 թվականին, իրավաբանական կրթություն է ստացել, նա ամուսնացած է, ունի 2 եւ 5 տարեկան երկու երեխա: Նա ասել է, որ գիրքը նվիրված է իր երեխաներին եւ գրվել է իր ծնողների` Նորիկ եւ Իրինա Աստվածատրյանների  պատվին, որոնք ապրում են Ուոփոթենում:

Նրա 5-ամյա երեխան հարցրել է, թե որտեղից է իրենց ընտանիքը, եւ խնդրել է Թերքոթին ցույց տալ այն  գլոբուսի վրա: «Նա ասաց, որ ուզում է այնտեղ գնալ, – պատմում է Թերքոթը:  - Ես պատասխանեցի, որ չեմ կարող այդ երկիր մտնել, քանի որ ես հայկական  ազգանուն ունեմ: Նա չի հասկանում` ինչու: Նա ինձ համար տիեզերանավ է նկարել եւ ասել, որ դրանով նա պատրաստվում է ինձ տանել իմ քաղաք»:
«Դեպի անհայտություն`վտարվելու պատմություն» գիրքը թողարկվել է էլեկտրոնային գրքի տեսքով: Գիրքը կտպագրվի սեպտեմբերի 1-ին: