Եվրոպական միությունը վերահաստատում է իր աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի և նրա համանախագահների ձեռնարկած ջանքերին` ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը:  Այդպիսի  հայտարարությամբ հանդես է եկել Եվրոպական Հանձնաժողովի փոխնախագահ, Արտաքին և անվտանգության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը:

«Կոչ եմ անում կողմերին առավել մեծ ջանքեր գործադրել խնդրի խաղաղ բանակցային կարգավորման ուղղությամբ` հիմնվելով Մադրիդյան սկզբունքների վրա, որոնք թույլ կտան հաղթահարել ստատուս-քվոն: Ես վերահաստատում եմ այս ուղղությամբ աջակցություն ցուցաբերելու ԵՄ-ի պատրաստակամությունը»,- նշել է ԵՄ բարձր ներկայացուցիչը:

Նա անդրադարձել է նաև հուլիսի 19-ին Լեռնային Ղարաբաղում կայանալիք նախագահական ընտրություններին: Էշթոնը թեեւ կարծիք է հայտնել, որ այդ ընտրությունները չեն բերի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի փոփոխությանը, այնուամենայնիվ, կրկին կոչ է արել ձգտել Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը: