Վեջին օրերին Վանաձորում հաճախակիացել են սնկային թունավորման դեպքերը: Միայն այս տարի Մարզի տարածքում արձանագրվել է սնկային թունավորման 7 դեպք` 13 տուժածով, որից 6-ը Վանաձորում, մեկը` Թումանյանի տարածաշրջանում: NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում Առողջապահության նախարարության հիգիենիկ հակահամաճարակային տեսչության Լոռիի մարզային կենտրոնի տնօրեն Կարինե Միրզոյանն անանգստացնող համարեց վերջին ամսում ստեղծված իրավիճակը, նշելով, որ գրեթե բոլոր դեպքերը գրանցվել են այս ամիս:
«Բոլոր արձանագրված դեպքերի համաճարակաբանական հետազոտությունը ցույց է տալիս, որ բոլորն օգտագործել են սեփական նախաձեռնությամբ հավաքած եւ տնային պայմաններում պատրաստած եւ օգտագործած սունկը»,-ասաց նա, հավելելով, որ ուտելի սունկը ոչ ուտելիից տաբերելը շատ դեպքերում նուրբ մասնագիտական գործ է ու միայն լավ մասնագետը կարող է տարբերակել դրանք:
Մարզի գլխավոր համաճարակաբանի փոխանցմամբ, վերջին դեպքերը բավականին ծանր կլինիկական պատկերով են արտահայտվել, ու միայն հմուտ բժիշկների ջանքերով է հնարավոր եղել փրկել նրանց կյանքը:
Կարինե Միրզոյանը բնակչությանը կոչ արեց զերծ մնալ պատահական սնկեր օգտագործելուց, հորդորելով օգտագործելուց հետո եթե նույնիսկ չնչի կասկածներ կան առողջության վատթարացման հետ կապված, անմիջապես դիմել բժշկի` զերծ մնալով ինքնաբուժումից:
Լուսանարը` Էդվարդ Արզումանյանի




























