Հարկային համակարգում օպտիմալացման գործընթացը շարունակվում է: Այս մասին այսօր` հուլիսի 24-ին, ուսումնական կենտրոնի մաքսային մասնաճյուղ այցի ժամանակ, լրագրողների հետ զրույցում նշել է Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը:

«Երեկ համապատասխան հրամանով լուծարվել է 6 տարածքային հարկային տեսչություն, ինչի արդյունքում 134 աշխատակից հեռացվել է համակարգից: Գործընթացն ինքնանպատակ չի արվում. համապատասխան հանձնաժողովը, որի կազմում ընդգրկված են ՊԵԿ նախագահի տեղակալներ, վարչության պետեր, մասնագետներ, 3 ամիս տարածքային տեսչություններում ուսումնասիրություններ է կատարել:»,-ասել է նա:

Ըստ ՊԵԿ նախագահի, այս քայլերն ուղղված են համակարգը բարձրակարգ մասնագետներով համալրելուն: «Այն աշխատակիցներն, ովքեր չեն բավարարում այսօրվա պահանջներին` պետք է հեռանան: Կադրային քաղաքականությանն ուղղված բարեփոխումներով կոմիտեն նոր մոտեցումների ներդրմամբ ձգտում է բարձր մակարդակի հասցնել համակարգի կադրային բազան` այն համապատասխանեցնելով միջազգային չափանիշներին»,-ամփոփել է Գ. Խաչատրյանը: