Այսօր` հուլիսի 24-ին, կայացել է ՀՀ արդարադատության խորհրդի նիստ, որի ընթացքում երկու դատավոր ենթարկվել է կարգապահական պատասխանատվության:

Ըստ այդմ, Արդարադատության խորհուրդը` քննարկելով ՀՀ արդարադատության նախարարի եւ ՀՀ արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի կողմից ներկայացված կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունները, եւ ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 95-րդ հոդվածի 5-րդ կետով, ՀՀ դատական օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասով, Արդարադատության խորհուրդը որոշել է.

1. ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Գոհարիկ Խաչատրյանին հայտարարել նախազգուշացում:

2. Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ալեքսանդր Մերանգուլյանին հայտարարել խիստ նկատողություն` զուգորդված 1 տարի ժամկետով աշխատավարձի 25 տոկոսից զրկելով:

Դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին Արդարադատության խորհրդի որոշումները, համաձայն Դատական օրենսգրքի 163-րդ հոդվածի 2-րդ մասի, կհրապարակվի 15 օրվա ընթացքում: