Ադրբեջանի կողմից  Լեռնային Ղարաբաղի ընտրությունների վերաբերյալ իբր Շվեյցարիայի արտաքին գործերի ֆեդերալ դեպարտամենտի հայտարարության կեղծումը միանգամայն Բաքվի քաղաքական ոճի շրջանակում է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱՊՀ երկրների ինստիտուտի փորձագետ Միխայիլ Ալեքսանդրովը` մեկնաբանելով Ադրբեջանի կողմից իր անհեթեթ տեքստերը որպես այս կամ այն երկրի կամ միջազգային կառույցի հայտարարություն ներկայացնելու հերթական փորձը:

«Ադրբեջանական կեղծիքն անվերջ կարող է շարունակվել: Բաքուն պարբերաբար փորձում է հօգուտ իրեն մեկնաբանել ցանկացած փաստաթուղթ, անկախ նրանից` գոյություն ունի այն, թե ոչ, թեեւ ցանկացած ողջամիտ մարդ հասկանում է, որ դրանք ոչ մի ընդհանուր բան իրականության հետ չունեն»,-ընդգծեց Ալեքսանդրովը:

Փորձագետի կարծիքով` նման կեղծիքներն ավելի շուտ նախատեսված են ներքին սպառման համար. «Ադրբեջանում գրեթե բոլոր ԶԼՄ-ները վերահսկվում են պետության  կողմից: Շվեյցարական կողմից իբր արված հայտարարության մասին կիմանան բոլորը, հերքման մասին` եզակի անձինք: Դա արվում է  երկրի ներսում տպավորություն ստեղծելու համար, թե ողջ աշխարհն աջակցում է Ադրբեջանին եւ չի աջակցում Հայաստանին, թեեւ դա այդպես չէ»,-ընդգծեց նա:

Միաժամանակ, ըստ քաղաքագետի, Բաքվի հայտարարության հերքումը շվեյցարական կողմից վկայում է այն մաիսն, որ Բեռնում դրան լուրջ են վերաբերվում: «Բաքվի նման գործողություններն ամենեւին չեն նպաստում միջազգային ասպարեզում նրա հեղինակության բարձրացմանը, ընդհակառակը: ՄԱԿ Անվտանգության խորհրդում Ադրբեջանի ժամանակավոր անդամի ընտրությունը ավանս էր, սակայն Ադրբեջանում ցույց տվեցին, որ իրենք կայացած պետություն չեն: Լուրջ պետությունն իրեն նման կերպ չի պահում: Դա կհանգեցնի միջազգային ասպարեզում Ադրբեջանի հեղինակության անկմանը»,-ասաց փորձագետը:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել  էր NEWS.am-ը, ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով Շվեցարիայում եւ Լիխտենշտեյնում Ադրբեջանի դեսպանությանը, տեղեկություն էին տարածել, թե իբր Շվեյցարիայի արտաքին գործերի ֆեդերալ դեպարտամենտը հայտարարել է, որ չի ճանաչում Լեռնային Ղարաբաղում  անցկացված նախագահական ընտրությունները, ճանաչում է Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս եւ հարգանքով է վերաբերվում Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը։

Շվեյցարիայի Արտաքին գործերի ֆեդերալ դեպարտամենտից  սակայն հայտնել էին, որ իրենք որեւէ պաշտոնական հայտարարություն չեն արել Լեռնային Ղարաբաղի նախագահական ընտրությունների վերաբերյալ։ Ավելին, Շվեյցարիայում դիվանագիտական անցուդարձին լավատեղյակ աղբյուրներից փոխանցել էին, որ իրականում ադրբեջանցիները պաշտոնական նոտա են գրել շվեյցարական ԱԳՆ, խնդրելով հանդես գալ դատապարտող հայտարարությամբ, սակայն շվեյցարացիները պատասխանել են, որ երբեք նման դեպքերում պաշտոնական հայտարարություն չեն արել եւ հիմա էլ չեն անի: