ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը եւ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը տարբեր տրամաչափի գործիչներ են, մեկը` անկախ Հայաստան, պատերազմ, մյուսը` ոգեւորություններ, սխրանքներ, հավատ:

Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը` անդրադառնալով երկու ՀՀԿ-ականների` լրատվամիջոցների միջոցով վեճերին, հնչեցրած փոխադարձ վիրավորանքներին:

«Տարբեր անձնավորություններ են, մեկը պատերազմի բովով անցած, մյուսը` պատերազմի հետեւանքով որոշակի կարգավիճակներ ստեղծող, մեկը անկախության, պետականության խնդիրների շուրջ մասնակից է եղել, իսկ մյուսը` ընդամենը հետեւանք է»,- ասաց պատգամավորը։

Գալուստ Սահակյանի համար ընդունելի չէ, որ վիճաբանության խնդիր կա. ՀՀԿ-ն նման քննարկումների դաշտ չէ:

Իսկ թե անհրաժեշտության դեպքում ում կսատարի կամ ում կողքին կկանգնի ՀՀԿ-ն, նա պատասխանեց. «Մեկը անկախություն, ղարաբաղյան պատերազմի մասնակից, մյուսը սովորական, ըմբռնումներով, ցանկություններով անձնավորություն, պարզ չէ՞, թե ՀՀԿ-ն որ կողմից է: ՀՀԿ հիմնադիրներից կամ մասնակիցներից մեկը Աշոտ Աղաբաբյանն է` Արցախյան պատերազմ, վիրավոր Աշոտ Աղաբաբյան, ներդրումներ, դրանից հետո Վարդան Ղուկասյան, իհարկե, դա Վարդանին չի նվաստացնում, բայց չի էլ ամբողջացնում»,- ասաց նա:

Գալուստ Սահակյանի խոսքով` ՀՀԿ-ն որեւէ մեկի կողքին կանգնող քաղաքական ուժ չէ, այլ  ընդհանրական, ծրագրային, բնորոշումներով քաղաքական ուժ, եւ դա փոքր խնդիր է` ում կամ ինչի կողքը կկանգնեն:

Նշենք, որ Գյումրիի  քաղաքապետ Վարդան Ղուկասյանը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի՝ Panorama.am-ին եւ «Հրապարակ» թերթին տված հարցազրույցներին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Գյումրիի քաղաքապետ, Հանրապետական կուսակցության մարզային կառույցի ղեկավար Վարդան Ղուկասյանը հրաժարական է տվել կառույցի ղեկավարի պաշտոնից: Ըստ այդմ, մարզային կառույցի ղեկավարումը հանձնվել է Շիրակի մարզպետարանի կրթության վարչության երկարամյա պետ Սահակ Մինասյանին: ՀՀԿ-ն Գյումրիում կայանալիք քաղաքապետի ընտրություններում սատարելու է ԲՀԿ-ական պատգամավոր Սամվել Բալասանյանի թեկնածությունը: