Տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանն այսօր` հուլիսի 26-ին, ընդունել է Հայաստանում Չինաստանի դեսպան Թիան Չանչունին:

Տրանսպորտի եւ կապի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Գ. Բեգլարյանը նախեւառաջ կարեւորել է Հայաստանի հետ Չինաստանի կապերը տրանսպորտի եւ հեռահաղորդակցության բանգավառում եւ վստահություն հայտնել, որ բոլոր հիմքերը կան այդ ոլորտում նոր համագործակցություն սկսելու եւ շարունակելու համար:

Մասնավորապես, Գագիկ Բեգլարյանն առաջարկել է մշակել եւ ներկայացնել առաջարկներ, որոնց շուրջ Չինաստանը կցանկանար համագործակցել ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության հետ, ինչպես նաեւ նշել, որ նախարարությունը իր հերթին եւս կներկայացնի առաջարկությունների ցանկ:

Դեսպանը եւս համաձայնել է նախարարի հետ` նշելով, որ տրանսպորտի ոլորտում կան համագործակցության լայն հեռանկարներ, քանի որ Պեկինի եւ Երեւանի միջեւ խորը բարեկամական հարաբերություններ են հաստատվել: Նաեւ հայտնել է իր աջակցությունն ու պատրաստակամությունը` նախարարության կողմից ներկայացվող առաջարկների քննարկման եւ իրականացման ուղղությամբ: