ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը, եթե Վարդան Ղուկասյանի մասին խոսի, ապա Գյումրի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ընտանիքը նրանից կհրաժարվի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, արցախյան ազատամարտի մասնակից Աշոտ Աղաբաբյանը: Անդրադառնալով Վարդան Ղուկասյանի՝ իրեն ուղղված հայտարարությանը, որ Վարդան Ղուկասյանն է Աշոտ Աղաբաբյանին պատգամավոր դարձրել վերջինս արձագանքեց.«Ինքը չի կարող ինձ պատգամավոր դարձնել: Ախր ինքը իրան չի կարա տղամարդ դարձնի ինքը ո՞նց կարա ինձ դարձնի պատգամավոր:  Ընդհակառակը 3 անգամ խանգարել ա: Ինքը կարող է պատգամավոր դարձնի նրան՝ ում վրա, որ հեծնի: Հասկացա՞ք, թե ի՞նչ եմ ցանկանում ասել»: Աղաբաբյանը նշեց, որ իրենք (Վարդան Ղուկասյանն ու Աշոտ Աղաբաբյանը, խմբ.) ընկերություն երբեք չեն էլ արել, ինչպես հայտարարվում է.« Նման բան չի եղել: Ես իրեն ընկեր չէի կարող լինել, որովհետեւ ինքը չի կարող ինձ ընկեր լինել: Ինձ ընկեր լինելու համար ինքը պետք է պատերազմ անցած լիներ»,- ավելացրեց Աշոտ Աղաբաբյանը:

Աղաբաբյանը նաեւ նշեց, որ իրեն զանգում եւ փոխանցում են, որ Վարդան Ղուկասյանը նման հայտարարություն է տարածել: Ավելին` Վարդան Ղուկասյանի այդ քայլը համարում է անհիմն: Ըստ նրա՝ քաղաքական դաշտում չի կարելի հարաբերությունները անձնավորել: «Ինքը այդքան բանը չի հասկանում, որ եթե անձնավորելու լինի եւ ես խոսեմ իր ընտանիքը իրենից կհրաժարվի»,-ավելացրեց Աշոտ Աղաբաբյանը:

NEWS.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Գյումրիի  քաղաքապետ Վարդան Ղուկասյանը հայտարարություն է տարածել, որում անդրադարձել է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի հարցազրույցներին: Վարդան Ղուկասյանի հայտարարության մեջ մասնավորապես ասվում է: «Ցավում եմ, որ հայոց ազգի մեջ նմանատիպ մարդիկ կան, որոնք վասակի հոգեբանությամբ են առաջնորդվում:

Լսի՜ր, այ նախկին բուֆետչիկ, որ այդ հոգեբանությամբ էլ մնացիր, դռներս չոքած էիր, ընտանիքիդ անդամների հետ «Օազիսում», շնորհակալություն էիր հայտնում, որ ես քեզ օգնեցի պատգամավոր դառնալ:

Մոռացե՞լ ես, ո՞նց էիր ընկել ոտքերս ու խնդրում էիր, թե պարոն քաղաքապետ, ասա Ռոյին, որ հանկարծ չբողոքարկի ընտրությունների արդյունքները:

Լսի՜ր, դո՜ւ, այ չար, ես նախկինում էլ, հիմա էլ ու քաղաքապետ չլինելով էլ, կմնամ այն մարդը, ինչ եղել եմ: Բայց քեզ նմանները, որոնք անգամ հրապարակային ծեծվելուց չեն ամաչել, ինձ պատասխան են տալու:

Տղա ես դարձել, բլբուլ ես դարձել, սկսել ես խոսել, այդքան դարձել ես, հա՞:

Դու իսկական Վասակյան ես, դու ինչ Աղաբաբյան: Դեռ այսքանը:

Կյանքում ոչ մի բանի համար չեմ փոշմանել, անգամ եթե սխալ եմ գործել: Բայց կա բացառություն՝ Բուռնաշը: Փոշմանել եմ, որ դրան երկու անգամ պատգամավոր եմ դարձրել: Չկարողացա դիմանալ դրա եւ դրա գերդաստանի աղերսանքներին եւ աջակցեցի»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Գյումրիի քաղաքապետ, Հանրապետական կուսակցության մարզային կառույցի ղեկավար Վարդան Ղուկասյանը հրաժարական է տվել կառույցի ղեկավարի պաշտոնից: Ըստ այդմ՝ մարզային կառույցի ղեկավարումը հանձնվել է Շիրակի մարզպետարանի կրթության վարչության երկարամյա պետ Սահակ Մինասյանին: ՀՀԿ-ն Գյումրիում կայանալիք քաղաքապետի ընտրություններում սատարելու է ԲՀԿ-ական պատգամավոր Սամվել Բալասանյանի թեկնածությունը: