Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի այցի դեմ բողոքող արգենտինահայերի ներկայացուցիչներին հաջողվել է անձամբ իրենց բողոքը հայտնել Արգենտինայի ներքին առեւտրի գծով պետքարտուղար Գիլյերմո Մորենոյին:
Բուենոս Այրեսում Ադրբեջանի դեսպանատան առջեւ շրջապատելով Մորենոյին` ցուցարարները մտահոգություն են հայտնել Ադրբեջանի հետ առեւտրային եւ քաղաքական սերտ կապերի առնչությամբ, հաղորդում է «Diario Armenia»-ն:
Ըստ հրապարակման` նա լսել է ցուցարարներին եւ հրավիրել իր գրասենյակ:
Մասնակիցների ձեռքին եղել են Ադրբեջանին ռասիզմի, ազգայնականության, այլատյացության, Սումգայիթում եւ Բաքվում հայերի կոտորած կազմակերպելու մեջ մեղադրող պաստառներ:
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ` արտգործնախարար Էլմար Մամեդյարովն Արգենտինայում հանդիպումներ կունենա պաշտոնատար անձանց եւ գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ:



























