Թուրքական կողմը ցանկալի նախապայմանները որպես իրականություն է ներկայացնում: Այս մասին NEWS.am-ին ասաց թուրքագետ, ԵՊՀ արեւելագիտության փոխդեկան Ռուբեն Մելքոնյանը` մեկնաբանելով Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Ահմեդ Սեվերի հայտարարությունը:
Թուրքական «Vatan» թերթին Սեվերն ասել էր, թե քրդական եւ հայկական հարցերն այն երկու նախագծերն են, որոնք Աբդուլա Գյուլին չի հաջողվել իրականացնել նախագահության առաջին շրջանում:
«Թուրքական քարոզչական մեքենան ցանկալին որպես իրականություն է մատուցում: Դա հատկապես վառ դրսեւորվեց հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ բանակցությունների ընթացքում, քանի որ հայկական կողմը երբեք չի համաձայնվել թուրքական կողմի նախապայմաններին` ղարաբաղյան հարց, Հայոց ցեղասպանության ճանչումից հրաժարում եւ 1922թ. Կարսի պայմանագրի ճանաչում: Արձանագրություններում այդ կետերը չկան, սակայն թուրքական կողմը մշտապես հայտարարում էր, թե Հայաստանն ընդունել է այս կամ այն նախապայմանը: Մի անգամ արտգործնախարարի մակարդակով հայտարարվեց, թե Հայաստանը ճանաչել է Կարսի պայմանագիրը»,-հիշեցրեց Ռ. Մելքոնյանը` ավելացնելով, որ դա արվում էր ներքին սպառման համար:




























