Աշխատանքային այցով Լոնդոնում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 30-ի երեկոյան մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Միացյալ Թագավորության գրասենյակի կողմից կազմակերպված ընդունելությանը:
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ մեր հայրենակիցների հետ հանդիպմանը նախագահը կարեւորել է սփյուռքահայության ջանքերի համադրումը եւ ազգային համախմբվածությունը՝ ի շահ Հայաստանի Հանրապետության եւ հայության ապագայի: «Որքան ուժեղ, զարգացած, ժամանակակից լինի Հայաստանի Հանրապետությունը, այնքան յուրաքանչյուր սփյուռքահայ իրեն ավելի լավ եւ ուժեղ կզգա, այնքան Սփյուռքի ապագան կանխատեսելի կլինի»,-ասել է Սերժ Սարգսյանը:
Հանրապետության նախագահի խոսքով, «Հայաստան» համահայկական հիմնադրամը մանրակերտն է մեր ազգի, նրա ապագայի՝ այն առումով, որ հիմնադրամին հաջողվել է համախմբել Սփյուռքի տարբեր կառույցների եւ անհատների՝ նպատակ ունենալով այդ կառույցի միջոցով յուրաքանչյուր հայի համար հնարավորություն ստեղծել ծառայելու իր Հայրենիքին՝ մասնակցություն ունենալով մեր ազգային միասնությանը: Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր աշխատանք են տանում համայնքային կամ համահայկական կառույցներում՝ ընդգծելով, որ նրանք արժանի են համընդհանուր հարգանքի:
Նախագահն ընդունելության մասնակիցներին ներկայացրել է նաեւ Հայաստանի տնտեսության վիճակը, զարգացման ծրագրերն ու հնարավորությունները համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքների հաղթահարման ուղղությամբ ձեռնարկված արդյունավետ քայլերը:
Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանի զարգացմանը մեծապես կարող են նպաստել նաեւ Սփյուռքի մեր քույրերն ու եղբայրները: Նրա խոսքով, բազմաթիվ սփյուռքահայեր կան, ովքեր տարիներ ի վեր ներդրումներ են կատարում Հայաստանում, զարգացնում տնտեսությունը, թողարկում մրցունակ արտադրանք, մասնակցում երկրի բարեփոխումներին, հաջողություններին եւ նաեւ խնդիրների լուծմանը: Հանրապետության նախագահն ընդգծել է, որ ժամանակակից տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս Սփյուռքում կյանքն ավելի աշխույժ պահելու, ավելի միասնական լինելու, եւ անհրաժեշտ է դրանք լիարժեք օգտագործել:






























