Ամեն տարի դեկտեմբերի 30-ին սկսվում է սուրբծննդյան 7-օրյա պահքը:

Արարատյան Հայրապետական թեմի Մամլո դիվանից NEWS.am-ին հայտնում են, որ ցանկալի է այդ օրը մասնակցել երեկոյան ժամերգության, ստանալ քահանայից օրհնություն: Պահքի ընթացքում օգտագործվում է բացառապես բուսական ծագում ունեցող սնունդ: Պահեցողները պահոց շրջանից դուրս են գալիս հունվարի 5-ի երեկոյան, երբ եկեղեցում մատուցվում է Ս. Ծննդյան Ճրագալույցի Ս. Պատարագ եւ տրվում է Ս. Ծննդյան ավետիսը: Մարդիկ միմյանց ողջունում են «Քրիստոս Ծնվեց եւ Հայտնվեց. Օրհնյալ է Հայտնությունը Քրիստոսի» խոսքերով:

Ի դեպ, հաղորդագրության մեջ պատասխան է տրվել հարցին, թե ինչո՞ւ է Նոր տարվա ընթացքին համընկնում պահոց շրջանը: «Հայոց հին տոմարի համաձայն՝ Նոր տարին նշվում էր Նավասարդի 1-ին, այսինքն օգոստոսի 11-ին, որը չէր համընկնում պահքին: Հետագայում` տոմարական նոր հաշվարկի ներմուծմամբ, Նոր տարին սկսեցին տոնել դեկտեմբերի 31-ին, որը համընկնում էր քրիստոնեական մեծագույն տոնի` Ս. Ծննդյան նախընթաց պահքին»,- նշել են Հայ առաքելական եկեղեցու սպասավորները: