Այս տարի բերքն առատ էր, ինչն արտահայտվել է նաեւ մրգերի գների նվազմամբ: Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների` 2012թ. հուլիսին 2011թ. հուլիսի համեմատ միրգն էժանացել է 20.8%-ով, իսկ այս տարվա հունիսի նկատմամբ առկա է 17% գնանկում:
Հունիսի նկատմամբ մրգերը հուլիսին էժանացել են հետեւյալ կերպ. ձմերուկ` 72.9%-ով, ծիրան` 56.9%-ով, բալ` 34.3%-ով, տանձ` 29.5%-ով, սեխ` 26.1%-ով: Էժանացել են նաեւ խնձորն ու ադամաթուզը, իսկ նարնջի, կիտրոնի, ելակի գներն աճել են 9.8-37.3%-ով:
Նշենք, որ մրգի գների էժանացմանը նպաստել է ոչ միայն առատ բերքը, այլեւ մթերումների անբավարար կազմակերպումը: Բացի ծիրանից` մնացած մրգերի մթերումներն իրականացվել են ավելի վատ, քան նախորդ տարիներին: Գյուղացիներից բազմաթիվ դժգոհություններ կան կեռասի, բալի ու դեղձի մթերումների հետ կապված: Արտահանող ընկերությունները հիմնական շեշտադրումը դրել են ծիրանի վրա, իսկ հայտնի է, որ նախալեռնային գոտիներում գյուղացիները նախապատվություն տալիս են այլ մրգերի: Տեղական մթերողները թեեւ ավելացրել են մթերումների ծավալները, սակայն օգտվելով արտահանողների պասիվությունից` գյուղացիներին առաջարկում են ցածր գին: Օրինակ` կեռասի ու բալի մթերման գինը կազմել է 100 դրամ 1 կգ-ի համար, իսկ դեղձինը` 50 դրամից էլ պակաս: Նախորդ տարիների համեմատ սա զգալիորեն ցածր է:
Խնդիրներ են ի հայտ եկել նաեւ բերքի որակի հետ կապված: Հուլիսյան անսովոր անձրեւներն ու դրանց հաջորդած շոգերը հանգեցրել են կեռասի բերքի վաղաժամ նեխման, կորուստը որոշ նախալեռնային գոտիներում կազմում է մոտ 20%: Տուժել են, օրինակ, Գառնու տարածաշրջանի գյուղերը: Արդյունքում` թեեւ աննախադեպ առատ բերքին, գյուղացիների իրական եկամուտները նվազել են: Նշենք, որ կեռասը ծիրանից հետո ամենաշատ արտահանվող միրգն է, ու հատկապես վերջին տասնամյակում Կոտայքի մարզում կեռասի այգիները կտրուկ ավելացել են: Կեռասի առավելությունն այն է, որ այն կարելի է արտահանել եւ թարմ վիճակում, եւ որպես չիր, եւ պահածոյացնելու միջոցով: Սակայն ոչ արտահանողները, ոչ չրարտադրողները, ոչ էլ պահածոյացման գործարաններն այս պահին բավարար հզորություններ չունեն առատ բերքը ամբողջովին իրացնելու համար: Այնինչ Հայաստանը միջազգային շուկայում կարող է առաջխաղացում ապրել եւ թարմ կեռասի, եւ կեռասի չրի միջոցով:
Մոտավորապես նույն վիճակն է բալի ու դեղձի առումով, այն տարբերությամբ, որ այդ մրգատեսակների չրերը մեծ տարածում չունեն, ու դրանց հիմնական պատվիրատուն պահածոների գործարաններն են: Ցավոք` դեղձի կոմպոտն ու բալի մուրաբան հայտնի են միայն հայաստանցիներին, արտասահմանում դրանց մասին գրեթե անտեղյակ են:
Կարելի է փաստել, որ Հայաստանում ագրոտնտեսական համալիրները դեռեւս կայացած չեն, ինչի հետեւանքով երկրի տնտեսական պոտենցիալի մի մասը լավ չի իրացվում:
Սամվել Ավագյան




























