Թուրքիայում դատարանը 6 անգամ ցմահ ազատազրկման է դատապարտել քուրդ Մեհմեդ Սիրաք Քեսքինին: Նա մեղադրվում է 2005 թվականին թուրքական Քուշադասը քաղաքում պայթյունի կազմակերպմանը մասնակից լինելու մեջ: Հաղորդում է BBC News-ը:
Քեսքինը ցմահ ազատազրկման է դատապարտվել ամեն մի սպանության համար եւ երկարաժամկետ ազատազրկման անջատողական գործունեության համար: Նա հերքել է իր մասնակցությունը պայթյունին, բայց հաստատել է, որ ինքը Քրդական աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) անդամ է: Դատավճռի հրապարակման ժամանակ Քեսքինը ՔԱԿ-ի կարգախոսներ է բացականչել:
Հիշեցնենք, որ 2005 թվականի հուլիսի 16-ին Քուշադասը քաղաքում միկրոավտոբուսի պայթյունի հետեւանքով, զոհվել էին 5 հոգի, այդ թվում բրիտանացի եւ իռլանդացի, եւս 13 մարդ վնասվածքներ էին ստացել: ՔԱԿ-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ իրենց կուսակցությունը այդ ահաբեկչության հետ կապ չունի: Նշենք, որ Թուրքիայում ՔԱԿ-ը համարվում է ահաբեկչական կազմակերպություն:




























