2013թ կայանալիք Հայաստանի նախագահի ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու ցանկության մասին հայտարարել է «Ազդարար» գիտամշակութային ամսագրի վերահիմնադիր, ազատամարտիկ Մարտիկ Սարգսյանը: Այս մասին այսօր` օգոստոսի 2-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա:
«Պատրաստվում եմ դնել իմ թեկնածությունը նախագահական ընտրություններին, եւ ես պատրաստ եմ պայքարել ուղեղների լվացման դեմ։ Իմ նախընտրական ծրագիրը ամբողջովին հիմնված է ազգային գաղափարախոսության, նժդեհական, դեպի մեր ակունքները տանող հայեցակարգերի վրա»,– ասաց նա:
Նա պատմեց, որ ծնվել է խաղողաղագործ մոր եւ տրակտորիստ հոր բազմազավակ ընտանիքում: »Մեկ մեծ սենյակ, յոթ երեխա, ազատ մանկություն, անհագ ուսում: Միանգամից համալսարան, այն էլ մանկավարժական, ավելին` պատմաբան»,- նախագահության ապագա թեկնածուն այսպես ներկայացրեց իրեն:
Նա նշեց, որ որ պայքարելու է ազատամարտիկների, լրատվության եւ մտավորականության մասին հատուկ օրենքներ ունենալու համար: Մարտիկ Սարգսյանը իր պոտենցիալ ընտրողին համարում է գյուղացուն, ազատամարտիկին եւ մտավորականին, իսկ իր հիմնական մրցակիցը համարում է «իր մարտական ընկեր, ամենահզոր ու լավագույն գործող նախագահ Սերժ Սարգսյանին» եւ էպոսագետ Վարդան Սեդրակյանին։ Ապագա թեկնածուն դեռեւս գումար չունի, բայց նրա համակիրներն արդեն փնտրտուքների մեջ են:




























