Լեռնային Ղարաբաղի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել` ԵԱՀԿ-ում Ադրբեջանի մշտական առաքելության կողմից տարածված նոտայի առթիվ.

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, ԵԱՀԿ-ում Ադրբեջանի մշտական առաքելության կողմից տարածված նոտայի առթիվ, որը վերաբերում է ԼՂՀ տարածքների՝ իբր բնակեցման նոր փաստերին, ԵԱՀԿ եւ նրա անդամ-երկրների ուշադրությունն է սեւեռում այդ փաստաթղթի քարոզչական բնույթի վրա, ինչը նպատակ ունի մոլորության մեջ գցել միջազգային հանրությանը եւ ապակայունացնել բանակցային գործընթացն ու իրավիճակը տարածաշրջանում:

Չնայած այն ակնառու փաստին, որ իր տարածքում վերաբնակներ ընդունելը ԼՂՀ ինքնիշխան իրավունքն է, տարածվածը իսպառ հիմնազուրկ ապատեղեկատվություն է, ինչը հավաստում են 2010 թ. ընթացքում այդ տարածքի իրավիճակի` ԵԱՀԿ գնահատման առաքելության կողմից անցկացված դիտարկումների արդյունքները:

Ինչ վերաբերում է ԵԱՀԿ փաստահավաք առաքելության 2005 թ. հաշվետվությանը, որը վկայակոչում է Ադրբեջանի մշտական առաքելությունը, անհրաժեշտ ենք համարում հիշեցնել, որ համաձայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության` առաքելությունը չի հայտնաբերել «ոչ մի ակնհայտ կազմակերպված վերաբնակեցում» եւ «չի հաստատվել, թե բնակեցումը նպատակամետ քաղաքականության արդյունք է»:

Այդ համատեքստում անհրաժեշտ ենք համարում նաեւ հերթական անգամ Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ Ադրբեջանը բնակեցնում է իր կողմից բռնազավթված Շահումյանի շրջանը, Գետաշենի ենթաշրջանը եւ ԼՂՀ այլ բռնազավթված տարածաշրջաններ: Ավելին, Ադրբեջանը տարիներ շարունակ չի տալիս իր համաձայնությունը` համանման դիտարկում անցկացնել այդ շրջաններում, ինչը անվիճելիորեն փաստում է դրանց բնակեցումը եւ դա չի կարող լուրջ մտահոգություն չպատճառել ԵԱՀԿ-ին եւ միջազգային մյուս կազմակերպություններին:

Ինչ վերաբերում է պաշտոնական Բաքվի հոխորտանքին` հուլիսի 19-ին ԼՂՀ- ում կայացած նախագահական ընտրությունների առթիվ, որոնց որպես դիտորդ ներկա են եղել 22 երկրների, այդ թվում` ԵԱՀԿ անդամ-երկրների ներկայացուցիչներ, Եվրախորհրդարանի պատգամավորներ, եւ որոնք գնահատվել են որպես ազատ, արդար, թափանցիկ եւ միջազգային չափորոշիչներին համահունչ, ապա այդօրինակ պահվածքը հերթական անգամ ապացուցում է, որ Ադրբեջանը, որտեղ իշխում է ամբողջատիրական վարչախումբ, որտեղ իշխանությունը հորից փոխանցվում է որդուն, որտեղ «ընտրություններն» ընդամենը ցուցադրանք են եւ խաբկանք, չի կարող հարգել ժողովրդավարական արժեքները, մարդու իրավունքներն ու ազատությունները, ինչպես նաեւ իշխանությունների ընտրովիության սկզբունքը` քաղաքացիների իսկական կամարտահայտման հիման վրա»,- ասվում է հայտարարության մեջ: